Ոսկրածուծի Դոնորների հայկական ռեեստրում իրականացվել է հերթական դոնորական ցողունային բջիջների հավաքագրումը: Հայ կամավոր դոնորի շնորհիվ կփրկվի եւս մեկ հիվանդի կյանք, որը տառապում է արյան ծանր հիվանդությամբ:

Դոնոր Մարիա Մովսեսյանը մասնագիտությամբ բուժքույր է, ունի երկու երեխա: Տարիներ առաջ կամավորագրվել էր «Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրում», հույս ունենալով, որ մի օր հնարավորություն կունենա փրկելու մարդկային կյանք: Եվ ահա, տարվա սկզբին պարզ դարձավ, որ  Մարիան համընկնում է հրեա մի հիվանդի հետ, որի կյանքի փրկիչը միայն ինքը կարող է լինել՝ նվիրաբերելով ցողունային բջիջներ: Մարիան, լսելով այդ լուրը, մեծ պատրաստակամությամբ համաձայնեց դառնալ դոնոր: Մի շարք լաբորատոր եւ բժշկական քննություններից հետո պարզ դարձավ, որ դոնորը լիովին առողջ է եւ պատրաստ է ցողունային բջիջների հավաքագրմանը:

Այսօր հաջողությամբ հավաքվեցին դոնորի ցողունային բջիջները: Մարիան շատ երջանիկ եւ հպարտ էր: Նրա շնորհիվ Իսրայելում գտնվող հիվանդը հնարավորություն կունենա ապաքինվելու եւ ապրելու:

Ժամերի ընթացքում, հատուկ լիցենզավորված միջազգային փոխադրողի օգնությամբ, բջիջները կհասնեն Իսրայելի բժշկական կենտրոն:  

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին եւ գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն: Հիմնադրամի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարելու արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ:

  Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան  28.000 դոնոր, ռեեստր դիմած 4485  հիվանդի հետ նախնական համընկնող 4369 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 26-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

 Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն եւ լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս եւ անցավ գործընթաց է, տեւում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: