Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել նախօրեին Կոտայքի մարզի Քանաքեռավանում երիտասարդ կնոջը դանակահարելու դեպքի վերաբերյալ:
Ըստ Կոմիտեի տարածած հաղորդագրության, մարտի 9-ին ժամը 20:30-ին Նոր-Հաճնի պոլիկլինիկայից ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհին արնահոսող վնասվածքներով կին է հայտնաբերվել: Տեղում պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 31-ամյա Ռուզան Խուդոյանը, որը դեմքի ու մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ սուր ծակած-կտրած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախնական տվյալներով՝ տուժածին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել նրա հորեղբոր որդին՝ նույն օրը ժամը 17-ից մինչեւ 17:30-ն ընկած ժամանակահատվածում, եւ դիմել փախուստի։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարված հանցագործության շարժառիթը, դեպքի մի շարք հանգամանքներ։
Հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։




























