Ամեն ինչ արվելու է, որպեսզի քաղաքացիների համար նվազագույնը տարին մեկ անգամ հետազոտվելու հնարավորություն ստեղծվի: Այ մասին, այսօր՝ մարտի 10-ին, Կոտայքի մարզ կատաևրած այցի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը նախ եղել է «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում, ծանոթացել այստեղ իրականացված վերանորոգման աշխատանքներին եւ քաղաքացիների համար ստեղծված ժամանակակից պոլիկլինիկական ծառայության պայմաններին: Պոլիկլինիկայի մասնաշենքի վերանորոգման եւ գույքի ձեռք բերման համար 2015 թվականին պետբյուջեից տրամադրվել է շուրջ 150 մլն դրամ: Տեղեկացվել է, որ պոլիկլինիկան սպասարկում է մոտ 42 հազար բնակչի, ապահովում է նաեւ Աբովյանի տարածաշրջանի գյուղական համայնքների 67 հազար 298 բնակ¬չու¬թյան նեղ մասնագիտական խորհրդատվությունները եւ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունները: Պոլիկլինիկայում գործում են առողջության առաջնային պահպանման, նեղ մասնագիտական խորհրդատվական, ախտորոշման, դիսպանսերային, իմունականխարգելման, վերականգնողական բուժման բաժիններ, մասնագիտական կաբինետներ: Պոլիկլինիկայում աշխատում է 63 բժիշկ, 95 բուժքույր, 11 կրտսեր բուժաշխատող:
Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանն այցելել է նորագույն տեխնոլոգիաներով ամրաններ արտադրող «Արգել» փակ բաժնետիրական ընկերության մեխանիկական գործարան: Վարչապետը շրջել է 150 աշխատատեղ ունեցող գործարանի արտադրամասերով, ծանոթացել արտադրական հզորություններին եւ զարգացման առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ արտադրվող բազալտեպլաստիկե կոմպոզիտային ամրանները, որոնց մեջ օգտագործվում է նաեւ հատուկ մանրաթել, իրենց ամրությամբ 2,5 անգամ գերազանցում են սովորական մետաղե ամրաններին, իսկ խտությամբ 4 անգամ թեթեւ են: Նշվել է, որ արտադրանքն առայժմ իրացվում է միայն Հայաստանում: Առաջիկայում այն պետք է անցնի նաեւ միջազգային լիցենզավորում՝ արտահանում կազմակերպելու նպատակով: Գործարանն արտադրում է նաեւ հրակայուն գործվածք, որը կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում՝ արտակարգ իրավիճակների, առողջապահության, ռազմարդյունաբերության եւ այլն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով տարածքների համաչափ զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը՝ նշել է, որ կառավարությունը լրջորեն զբաղված է հանրապետության բոլոր մարզերում նոր ձեռնարկությունների ստեղծման աշխատանքներով: Վարչապետը նշել է, որ այժմ ուսումնասիրվում են ներկրվող բոլոր այն ապրանքատեսակները, որոնք հնարավոր կլինի արտադրել Հայաստանում եւ ավելացրել, որ այդ ուղղությամբ ձեռնարկվելու են կոնկրետ քայլեր:
Խոսելով Աբովյանի հիմնանորոգված պոլիկլինակայի մասին՝ վարչապետն ընդգծել է, որ հանրային առողջությունը իշխանությունների, այդ թվում կառավարության համար գերակայություն է եւ ամեն ինչ արվելու է, որպեսզի քաղաքացիների համար նվազագույնը տարին մեկ անգամ հետազոտվելու հնարավորություն ստեղծվի: Աշխատանքներ են տարվելու նաեւ բոլոր առողջապահական կենտրոններն առցանց միմյանց կապելու ուղղությամբ, ինչը թույլ կտա փոխանակվել տեղեկատվությամբ: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում կառավարությունը գնալու է լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխումների:
Անդրադառնալով «Արգել» գործարան այցին՝ վարչապետը նշել է, որ այն ունի զարգացման լուրջ ներուժ, որի նորագույն տեխնոլոգիայով արտադրած ամրանները կարող են օգտագործվել շինարարության մեջ, ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում: «Համոզված եմ, որ այս գործարանն ունենալու է մեծ ապագա: Ես՝ որպես կառավարության ղեկավար, ամեն ինչ անելու եմ, որպեսզի գործարանը հաջողությամբ աշխատի եւ վստահ եմ, որ այս ոլորտում արձանագրելու ենք լուրջ հաջողություններ»,- ասել է վարչապետը:
Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության կողմից գործարանին օժանդակությանը, նրա հետագա զարգացմանը եւ առկա խնդիրներին առնչվող հարցեր:


































