Մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Մոսկվայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ արվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ փոխգործակցությանը, պարբերական խորհրդատվությունների անցկացմանը։

Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը մտքեր փոխանակեցին հրատապ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրեցին Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարությունների միջեւ 2016-2017թթ. խորհրդատվությունների ծրագիրը, որով նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում ԱԳՆ-ների միջեւ անցկացնել միջազգային, տարածաշրջանային խնդիրների, տեղեկատվական ապահովման, հյուպատոսական եւ այլ հարցերի վերաբերյալ շուրջ երեք տասնյակ խորհրդատվություններ։