Ժնեւում Սիրիայի հարցով խորհրդակցություններին պետք է մասնակցի ընդդիմության լայն սպեկտր՝ բացառությամբ ահաբեկիչների: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով, Սիրիայի հարցով պայմանավորվածություններին, ներառյալ ռազմական գործողությունների դադարեցումը, պետք է հետեւեն բոլոր կողմերը:

Լավրովը նկատել է, որ սիրիական ընդդիմադիր խմբերից ոչ մեկը, այդ թվում Բանակցությունների բարձրագույն կոմիտեն, չի կարող հավակնել Դամասկոսին ընդդիմացող բոլոր ուժերի ներկայացուցիչը լինելուն, դա հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին:

«Մենք կողմ ենք միջսիրիական երկխոսության անցկացման պայմաններին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերում»,-ասել է նա:

«Բաշար Ասադի կառավարության հետ բանակցություններում որեւէ խմբի կողմից որպես միակ ու գլխավոր խմբավորում հանդես գալու հավակնությունը չի համապատասխանում նշված բանաձեւերի պահանջներին, առավել եւս երբ այս կամ այն խմբավորումը իրեն կոչում է ինչ-որ «Բանակցային բարձրագույն կոմիտե»: Դա այնքան էլ համեստ չէ»,-ընդգծել է Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: