Հայկական պանրի տեսականին կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկայում: Այս մասին, այսօր՝ մարտի 11-ին, կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Գյուղնախից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Խաչատուր Պողոսյանը:

«Գյուղատնտեսության զարգացումն առանց վերամշակող ճյուղի անհնար է պատկերացնել, սակայն այս ոլորտում՝ հատկապես մթերումների հետ կապված հարցերում  դեռեւս առկա են լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն», – իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Այս համատեքստում նախարարն առաջին հերթին կարեւորել է մթերման գործընթացի ճիշտ կազմակերպումը եւ համապատասխան հաշվարկների իրականացնելուց հետո կաթի մթերման խելամիտ նվազագույն  գնի սահմանումը, որը պետք է լինի շահավետ թե' մթերող կազմակերպությունների եւ թե' տնտեսվարող սուբյեկտների համար։

Միաժամանակ Սերգո Կարապետյանը ընդգծել է արտադրվող կաթնամթերքի՝ մասնավորապես պանրի տեսականու  դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկայում:

Անդրադառնալով մթերված կաթի դիմաց ֆերմերային տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման խնդրին` նախարարը հորդորել է նաեւ հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել մթերված ապրանքի դիմաց վճարումների իրականացումը:

Տեղեկացնելով, որ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության (CARMAC) ծրագրերի շրջանակում հանրապետությունում արդեն իսկ ձեւավորվել է շուրջ 150 կոոպերատիվ՝ նախարարը շեշտել է, որ պետական աջակցության ծրագրերն այսուհետ ուղղվելու են կոոպերատիվների զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում նախարարն առաջարկել է վերամշակող ընկերություններին մթերումներն իրականացնելիս ակտիվորեն համագործակցել այդ կոոպերատիվների հետ` նրանց հետ համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ընթացիկ տարվա կաթի մթերումների կազմակերպման նպատակով կազմված օրինակելի պայմանագրերի ձեւը, որով կամրագրվեն կաթի մթերման գնի նվազագույն շեմը եւ վճարման ժամկետները: Պայմանագրի օրինակելի ձեւն արդեն քննարկվել է մի շարք գերատեսչությունների հետ եւ առաջիկայում ներկայացվելու է ՀՀ կառավարության հաստատմանը:

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները` համոզմունք հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուժերով հնարավոր կլինի  գտնել այդ հարցերի լուծման ուղիները: