Սյունիքի մարզում անցած տարվա դեկտեմբերի 18-ին անչափահաս եղբորորդուն ավտոմեքենան տալու մեջ մեղադրվող Արմեն Բաղդասարյանը տուգանվել է 200 հազար դրամով: Նման որոշում է կայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Բաղդասարյանն իրեն պատկանող ավտոմեքենան տեխսպասարկման կետ տեղափոխելու նպատակով հանձնել է եղբորորդուն`15-ամյա Նարեկին, որն էլ խախտել է ՃԵ կանոնները, ինչի հետևանքով բախվել է գովազդային վահանակի հենասյանը`առաջացնելով տուժողի մահ:
Արմեն Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ տրանսպորտային միջոցը 16 տարին չլրացած անձին հանձնելու համար, որի հետեւանքով անզգուշությամբ առաջացել է մարդու մահ։ Այս հոդվածը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Դատարանը որոշել է կիրառել նվազագույն պատիժը՝ տուգանք ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200 հազար դրամի չափով:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2015թ. դեկտեմբերի 18-ին ժամը 22:00-ի սահմաններում Գորիսի Սյունիքի փողոցի եւ Երեւանյան խճուղու հատման խաչմերուկում Ա.Բաղդասարյանի անվամբ հաշվառված «Մերսեդես Բենց 420» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել Երեւանյան խճուղու աջ կողնակում առկա գովազդային վահանակի սյանը, ինչի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից ուղեւոր, 15-ամյա տղան մահացել է, եւս 2 դեռահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ վթարի պահին ավտոմեքենայի ղեկին է գտնվել անչափահաս։




























