Ես ջերմ ընկերական հարաբերություններ ունեմ ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի հետ։  Այս մասին մարտի 11-ին լրագրողներին ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը՝ հիշեցնելով, որ երբ Աշոտյանը Երեւանի Պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահն էր, ինքը զբաղեցնում էր նախարարի պաշտոնը։ «Ես ոչ մի խնդիր չունեմ Աշոտյանի հետ։ Նրա մարդկային եւ մասնագիտական կերպարի հետ նույնպես խնդիրներ չկան։ Ես զարմանում եմ, թե ինչու է առհասարակ այդ հարցը ծագում։ Ես ընկերական հարաբերություններ ունեմ  նրա հետ»,- վստահեցրել է նորանշանակ նախարարը։

Իր նախորդի գործունեությունը գնահատելու խնդրանքին ի պատասխան՝ Մկրտչյանը նշեց, որ նման գնահատականներ տալու ոչ մի իրավունք չունի, քանի որ դա ուղղակի կոռեկտ չէ։ Այդուհանդերձ Լեւոն Մկրտչյանն ընդգծեց, որ շնորհակալ է իր բոլոր նախորդներին կրթության եւ գիտության ոլորտում կատարած աշխատանքի համար։ «Այդ ոլորտում այնքան շատ խնդիրներ կան, որ անհնար է դրանք չփոխանցել հաջորդ նախարարին։ Ես սկզբունք ունեմ. երբեք չգնահատել նախորդների աշխատանքը, քանի որ այդ պաշտոնում նրանք անհավանական մեծ բեռ են վերցրել իրենց ուսերին»,- եզրափակել է նա։