Բեռլինում մարտի 9-13-ին ընթանում է ամենամյա Միջազգային զբոսաշրջային ցուցահանդես ITB Berlin-ը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ բնապահպանության նախարարության Էկոտուրիզմի զարգացման բաժնի, Դիլիջան ազգային պարկի ներկայացուցիչները եւ բնապահպանական հասարակական կազմակերպությունները WWF հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Անդրսահմանյան միացյալ քարտուղարության «Փուլ III» ծրագրի շրջանակներում ցուցահանդեսում ներկայացնում են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները:

ITB ցուցահանդեսն ամենամասշտաբային միջազգային ցուցահանդեսներից մեկն է, որտեղ միջազգային տուրօպերատորները եւ հանրությունը տեղեկանում են նոր տուրիստական ուղղությունների եւ առաջարկների մասին: Էկոզբոսաշրջության եւ արկածային ճանապարհորդությունների համար նախատեսված բաժնում ներկայացված Հայաստանի տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում: Հայկական պատվիրակության անդամ, Դիլիջան ազգային պարկի տնօրեն Սահակ Մուրադյանը հայտնում է, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունն ու բնության հատուկ պահպանվող տարածքները բավականին գրավիչ են արկածային ճանապարհորդությունների եւ վայրի բնության սիրահարների համար. «Մեր խնդիրն էր պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանի պահպանվող տարածքների գրավչությունն ու հնարավորությունները, ինչը, կարծում եմ հաջողվեց: Նման ցուցահանդեսները լայն հնարավորություններ են ստեղծում համաշխարհային հանրությանը ներկայացնելու մեր երկրի բացառիկ կենդանական ու բուսական աշխարհը, լանդշաֆտային բազմազանությունը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետություն տուրիստական նոր հոսքերի ներգրավման համար»:

WWF հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Հակոբյանը կարեւորելով էկոզբոսաշրջության զարգացումը, նշել է, որ WWF-ն աջակցում է նման միջոցառումներին Հարավային Կովկասի երկրների մասնակցությանը՝ նպատակ ունենալով նպաստել զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը տվյալ երկրների պահպանվող տարածքներում, քանի որ սա նպաստում է ինչպես պահպանվող տարածքների, այնպես էլ հարակից համայնքների տնտեսական զարգացմանն ու առաջխաղացմանը: