Վերաքննիչ դատարանը մերժել է Արտաշատի զուգարաններից մեկում կնոջ կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարելու համար 3 տարի եւ 3 ամիս ազատազրկման դատապարտված Երջանիկ Մարգարյանի պաշտպանի բողոքը` առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու եւ Երջանիկին արդարացնելու վերաբերյալ:
Վերին Արտաշատի 29-ամյա բնակիչ Երջանիկ Մարգարյանի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը նշել է, որ ամբաստանյալի մեղքը հիմնավորված համարելու համար եղած ապացույցները բավարար համարելու դեպքում էլ դատարանի վճռով նշանակված պատիժն անարդարացի է, քանի որ գործում առկա հանգամանքների համակցությունը էականորեն նվազեցնում են հանցանքի հանրության համար վտանգավորության աստիճանը ու բնույթը։
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Առաջին ատյանի դատարանը պատշաճ հիմնավորմամբ հաշվի է առել ամբաստանյալ Երջանիկ Մարգարյանի կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը եւ բնույթը, նրա անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանքները ու որոշել ամբաստանյալ Երջանիկ Մարգարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճիռը` թողնել օրինական ուժի մեջ:
Նշենք, որ Երջանիկ Մարգարյանը մեղադրվում է Արտաշատ քաղաքի բնակչուհի Աննա Գ.–ի կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության` Երջանիկ Մարգարյանը 2015թ. օգոստոսի 13-ին հետեւելով Աննա Գեւորգյանին, որը բնական կարիքները հոգալու համար մտել է հասարակական զուգարան` վերջինիս կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ նրա հետեւից մոտեցել ու բռնելով նրա պարանոցից` փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:
Սակայն նա չի կարողացել ավարտին հասցնել իր գործը, քանի որ Աննա Գ.-ն կծելով նրա աջ ձեռքի ցուցամատը եւ աջ ուսի հատվածը, օգնություն է կանչել: Զբոսայգում ծառայություն իրականացնող ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ դասակի աշխատակիցները՝ լսելով Աննա Գ.-ի բղավոցները, ժամանակին օգնության են հասել եւ բերման ենթարկել Երջանիկին:
Երջանիկ Մարգարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 138-ի 1-ի մասով՝ բռնաբարությունը, տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ:




























