Երեւանի Պուշկինի փողոցի նախկին մի քանի տասնյակ բնակիչներ, որոնց տները 12 տարի առաջ բացառիկ գերակա հանրային շահ են ճանաչվել եւ քանդվել, իրենց բնակարանների խնդիրը լուծելու պահանջով մարտի 16-ին բողոքի ակցիա կանցկացնեն Երեւանի քաղաքապետարանի դիմաց: NEWS.am-ի հետ զրույցում Պուշկին 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանը նշեց, որ հունվարին նախագահական նստավայրից իրենց պատասխանել են, որ ոչնչով չեն կարողանա իրենց օգնել: Հուսահատված բնակչի խոսքով, իրենք դեկտեմբերին հանդիպել են նաեւ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը խոստացել է լուծում տալ իրենց խնդրին, սակայն մինչեւ հիմա ոչնչով չի օգնել: 

«Արդեն հույս էլ չունենք, որ ինչ-որ  մեկը կօգնի, միակ հույսերս բողոքի ակցիաներն են, բոլոր մարմինները, որոնք կարող էի մեզ օգնել, չեն ցանկանում օգնել:  Մենք ինչքան ժամանակ է ահավոր պայմաններում ենք ապրում, թե ինչքան ենք կարողանալու այսպես գոյատեւել` չգիտեմ: Քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա կանցկացնենք, կպահանջենք լուծում տալ մեր խնդրին»,-ասաց տիկին Վալենտինան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պուշկինի 2 հասցեի նախկին բնակիչ Վալենտինա Հարությունյանն արդեն երկար տարիներ ստիպված է ընտանիքի 6 անդամների հետ ապրել կիսախարխուլ բնակարանում: Բնակարանն իր ընտանիքին է տվել Էդիկ Թախունց անունով մի գործարարը, որը 2004թ. իրենց հետ պայմանագիր է կնքել Պուշկին փողոցում գտնվող տունը քանդելու եւ դրա փոխարեն քաղաքի կենտրոնում նորակառույցում նոր բնակարան տալու վերաբերյալ: Ըստ պայմանագրի՝ Էդիկ Թախունցը պարտավորվել է ընտանիքին տրամադրել 2 տարվա բնակարանի վարձ՝ մինչեւ նորակառույցի ավարտը, սակայն 4 ամիս վճարելուց հետո՝ դադարել է բնակարանավարձ տալ: Վալենտինա Հարությունյանն ու իր նման խաբված Պուշկինի շատ բնակիչներ, ստիպված են եղել բնակարանի վարձը վճարել ինքնուրույն, մինչեւ որ Էդիկ Թախունցը Երեւանի Շենգավիթ համայնքում 9000 դոլարով գնված կիսակառույց տուն է տվել ընտանիքին: Տիկին Վալենտինան արդեն 12 տարի է Հայաստանի իշխանություններից պահանջում է իր խնդրին ուշադրություն դարձնել, պատժել իրեն ու իր նման խաբված շատ բնակիչների մեծ վնաս հասցրած գործարարին, սակայն մինչեւ այժմ նրա բողոքները ոչ մի արձագանքի չեն արժանացել: