Երեւանի ավագանին մարտի 18-ի իր նիստում բնակարաններ կնվիրի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին եւ թավջութակահար Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր՝ Նարեկ Հախնազարյանին:

Կինոռեժիսոր Արտավազդ Աշոտի Փելեշյանը փետրվարի 17-ին դիմել է Երեւանի քաղաքապետին՝ Երեւան քաղաքում իր կինոդպրոցում վարպետաց դասընթացներ անցկացնելու խնդրի հետ պայմանավորված Երեւանի կենտրոնական մասում իրեն անհատույց սեփականության իրավունքով բնակարան նվիրելու խնդրանքով:

Որոշման նախագծով նախատեսվում է ՝ Երեւան համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի թիվ 1 հասցեում սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասում կառուցվող բազմաբնակարան շենքի 5-րդ հարկի 127քմ մակերեսով բնակարանը նվիրել Արտավազդ Փելեշյանին:

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն էլ բնակարան կստանա՝ 115.9քմ մակերեսով բնակարան Արամի փողոցի հ.82 եւ հ.84 շենքից:

Որոշման նախագծում նշվում է, որ Նարեկ Հախնազարյանն իր ծնողների եւ կնոջ հետ բնակվում է Կոմիտասի պողոտայի հ.17 շենքի հ.7 հասցեում գտնվող 43.7քմ մակերեսով բնակարանում, ինչը ցավոք հնարավորություն չի տալիս ապահովել լիարժեք ստեղծագործելու համար տարրական պայմաններ։ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տվյալների համաձայն՝ Նարեկ Հախնազարյանի անվամբ Երեւան քաղաքում որեւէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ։

Հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, ինչպես նաեւ բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, առաջարկվում է քննարկվող բնակարանը նվիրել նրան, որը թույլ կտա աշխարհահռչակ հայ երաժշտին լիարժեք ստեղծագործական գործունեություն ծավալել։