Այսօր Ադրբեջանի «ագիտպրոպը», օգտագործելով հանրությանը հերթական անգամ մոլորեցնելու սեփական մարտավարությունը, տեղեկություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված նախահարձակ գործողությանն ի պատասխան ադրբեջանական զինուժը դիմել է պատժիչ քայլերի եւ շարքից հանել «շուրջ 15 դիվերսանտների եւ մի քանի ռազմական տեխնիկա»: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

«Հատկանշական է, որ Բաքվի քարոզիչները նշում են նաեւ գործողության ընթացքում իրենց կողմից կիրառված ծանր հրետանու եւ անօդաչու թռչող սարքերի մասին: Որ իրականում մարտի 10-ի լույս 11-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել է եւ՛ հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, եւ՛ կիրառել հրետանի, դա փաստ է եւ այդ մասին արդեն համապատասխան տեղեկություն տարածվել է ԼՂՀ ռազմական գերատեսչության մամուլի ծառայության կողմից:

Իսկ ինչ վերաբերում է հայկական կողմին հասցված վնասներին եւ հատկապես 15 զոհերին, ապա դա ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական քարոզիչների կողմից հերթական անգամ ցանկալին իրականի փոխարեն մատուցելու հորինվածք»,-ասված է հաղորդագրության մեջ: