Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծով առաջարկվող տարածքային ցուցակները բաց եւ փակ ցուցակների համադրություն է, որը գործում է աշխարհի ավելի քան 15 երկրներում։ Այս մասին մարտի 11-ին՝ Ընտրական օրենսգրքի նախագծի հանրային քննարկումների ժամանակ, ասել է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ փորձ է արվում ոչ թե ընդգծել միայն մեկ կուսակցության կամ անհատի կարեւորությունը, այլ գտնել ոսկե միջինը։ Հովհաննիսյանի խոսքով՝ եթե նախկինում ինչ-որ տարածքում ինչ-որ մեկը հեղինակություն էր վայելում, նա կարող էր դա օգտագործել անձնական նպատակներով, խորհրդարանում իր տեղն ապահովելու համար։ «Հիմա կարող է այնպես լինել, որ կուսակցությունը, համապատասխան տարածքում ձայներ ստանալով, այլ տարածքների ձայների համադրությամբ, այդ տարածքում մանդատ չստանա»,- պարզաբանեց նախարարը։




























