Կրկնակի քվեարկությունը, ընտրակեղծիքները կանխող մեխանիզմը մատնահետքով էլեկտրոնային քվեարկությունն է, որը տեղ չի գտել նախագծում։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։
«Ընդամենը օդանավակայաններում գործող մատնահետքը արձանագրող էլեկտրոնային սարքեր լինեն, որոնք կբացառեն կրկնակի քվեարկությունը»,-ասաց Ստեփան Մարգարյանը՝ նշելով, որ նախագծում առկա են բազմաթիվ անհասկանալի դրույթներ։
Նախկին ԲՀԿ-ականը դեմ է նաեւ համամասնական ռեյտինգային մոդելին։ Նշեց, որ համամիտ է այն կարծիքների հետ, որ նշված մոդելը համամասնական ընտրակարգը վերածում է մեծամասնականի։
Մարգարյանն ասաց, որ իր դիտարկումները մանրամասնությամբ կներկայացնի ԱԺ լսումների ժամանակ։
«Եթե ինչ-որ բան չի ստացվում, աշխարհի վերջը չէ։ Ավելի կարեւոր է հասարակության, քաղաքական ուժերի համախմբումը, միասնական օրակարգով ընտրությունների մասնակցությունը։ Այսինքն՝ միշտ տեղ կա ցանկացած իրավիճակում խնդիրները լուծելու, ինձ համար ավելի կարեւոր է ձեւավորել այնպիսի համակարգ, որը կմոբիլիզացնի հասարակաան քաղաքական ուժերին եւ հասարակությանը երկրի առջեւ ծառացած մարտահրավերները լուծելու ուղղությամբ, սա շատ ավելի կարեւոր եմ համարում, ինչը պետք է, անշուշտ, սկսել Ընտրական օրենսգրքից»,- նշել է Մարգարյանը։





























