Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները դեռ նոր են սկսվում, եկեք ոչինչ  չբացառենք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, Կորյուն  Նահապետյանը՝ անդրադառնալով նախնական նախագծում ընդդիմության առաջարկները չընդգրկելուն։

«Քննարկումները դեռ նոր են սկսվել։ Այն որ ուղարկվել է  նախնական  տարբերակը, ամենեւին չի նշանակում, որ նախագիծը բովանդակային քքննարկումների փուլ չի անցնում։ Մենք ունենք բավական ժամանակ Ազգային ժողովում համակողմանի անդրադառնալու  Ընտրական օրենսգրքին»,- նշեց Նահապետյանը։

Ընդդիմության գլխավոր պահանջը՝ քվերակված ցուցակները հրապարակելու հարցը պատգամավորի համար փակված չէ։ Նա ոչինչ չի բացառում։ 

«Եկեք ոչինչ չբացառենք,  երբ սկսեն քննարկումները, կլսենք բոլոր կողմերին։ Պատգամավորները հանդես կգան առաջարկներով։ Խորհրդարանական լսումներ կլինեն եւ տեսակետների համադրման արդյունքում կկայացվեն քաղաքական որոշումներ»,- ասել է պատգամավորը։