Հաշմանդամությամբ ծնված երեխայի ծնողին եթե հիվանադոցում տրամադրվի հոգեբանական ծառայություն, տեղեկատվություն եւ աջակցություն, մեծ հավանականություն կա, որ ծնողը սխալ որոշում չի կայացնի եւ չի լքի երեխային: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մենք կարող ենք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյանը:
«Անկախ երեխայի հիվանդությունից ու կարիքներից երեխայից չի կարելի հրաժարվել: Երբ կինն ունենում է հաշմանդամություն ունեցող երեխա, նա շոկային վիճակում է հայտնվում, այդ դեպքում պետք է մասնագետներ աշխատեն նրա հետ, տեղեկատվություն տրամադրվի նրան, քանի որ կնոջ անտեղյակությունը, մենակ մնալու զգացողությունը, նրա վախերը մորն ու ընտանիքին կարող են դրդել երեխայից հրաժարվելուն: Ծնողը պետք է հասկանա, որ հաշմանդամություն ունեցող երեխա ունենալը աշխարհի վերջը չէ, հասկանա, որ այդ երեխան իրենն է ու ինքը ավելի երջանիկ կլինի նրան մեծացնելով, քան մանկատուն տանելով»,-ասաց նա:
Արմինե Սահակյանի խոսքով, Հայաստանում հաշմանդամություն ունեցող, լքված երեխաների հարցերով միայն հասարակական կազմակերպություններն են զբաղվում, մինչդեռ դա նաեւ պետության խնդիրն է:
«Հաշմանդամություն ունեցող երախայի ծնողն ամենաշատը պետության կարիքն ունի, քանի որ այս դեպքում ծախսերը շատանում են, ծնողն ի վիճակի չի լինում համապատասխան ձեւով հոգալ երեխայի մասին: Եթե պետությունն աջակցում է, ծնողն հասկանում է, որ ինքը մենակ չէ, կկարողանա հոգալ երեխայի կարիքները եւ այս դեպքում հաշմանդամություն ունեցող երեխաներին մանկատուն տանելու դեպքերը կնվազեն եւ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը կարող է երեխային մեծացնել այնպես, որ նա դառնա հասարակության լիարժեք անդամ»,-ասաց նա:





























