Աշխարհի ամենալավ գերեզմանոցը, պարզվում է, Արարատի մարզի Ռանչպար համայնքում է: 1650 բնակիչ ունեցող Ռանչպարի համայնքապետ Ջիվան Օհանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց` որ գյուղի գերեզմանոցն այնպես են բարեկարգել, որ այն ազատ կարող է մրցակցել աշխարհի մյուս բոլոր գերեզմանոցների հետ:

«Քաղաքում էլ էսպիսի գերեզմանոց չկա, ասեմ` իմանաք: Կարող եք մի օր գալ, ես ձեզ տանեմ ցույց տամ, որ աշխարհի ոչ մի եվրոպական երկրում էդպիսի նորմալություն չկա»,- ասաց Ջիվան Օհանյանը:

Գյուղապետի խոսքով` բարեկարգ գերեզմանոցը գյուղի միակ ձեռքբերումը չէ. վերջին տարիներին գյուղում էլի աշխատանքներ են արվել` միջհամայնքային ճանապարհն են վերանորգել, ոռոգման եւ խմելու ջրի հարցը լուծել, եւ ոչ միայն:

«Գյուղում եզդիների թաղամաս կա, որ հոսանք չկար: Բերել ենք` նոր տրանսֆերմատորներ ենք դրել, հոսանքն ենք անցկացրել,  հաշվիչներ ենք դրել, հանձնել ենք ժողովրդին»,- նշեց համայնքապետը:

Վերջին 4-5 տարիներին գյուղում մեծ քանակությամբ ջերմոցներ են կառուցվել, ինչը բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվելու նոր խթան է դարձել գյուղում:

«Վարունգ, պոմիդոր, բադրիջան, կարտոֆիլ. ամեն ինչ էլ ցանում են գյուղում, տանում Երեւանում վաճառում: Անցած տարի անգամ կանաչին էին գալիս առնում, ուղարկում Ռուսաստան: Մենք պրոբլեմ չունինք»,- նշեց գյուղապետը:

Չնայած դրան` ամենակարեւոր խնդիրը ռանչպարցիների համար շարունակում է մնալ գազիֆիկացման հարցը: Գյուղապետի խոսքով` գազը գյուղ հասցնելու աշխատանքները դեռ 4-5 տարի առաջ են սկսվել, սակայն պետության կողմից իրականացվող ծրագիրը կիսատ է մնացել` գումարներ չլինելու պատճառով:

«Խողովակը հիմա գյուղից 4-5կմ հեռու է, վարչապետին հանդիպել եմ` ասել է էս տարի կլուծվի էդ հարցը: Գյուղի բյուջեից 15 մլն էլ մենք կտրամադրենք, էս տարի գազ կունենանք»,- ասաց Ջիվան Օհանյանը:

Առաջիկայում գյուղում համայնքապետի ընտրություններ են: Գործող համայնքապետն այս ընտրություններում եւս առաջադրելու է իր թեկնածությունը` դեռ իրականացնելիք ծրագրեր ունի:

«Հազար ու մի ընթացիկ գործեր կան, որ պետք է արվեն: Հնարավորինի սահմանում պետք է աշխատեմ օգտակար լինեմ: Որ ասեմ` նոր շինություններ պետք է սարքեմ, սխալ ասած կլինեմ, էսօր մեր ֆինանսական վիճակն էդպիսին չի»,- նշեց համայնքապետը: