Բնապահպան Սիլվա Ադամյանն ահազանգում է, որ Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոնում օրերս առյուծը մարդ է հոշոտել:
«Մենք հստակ տվյալներ չունենք՝ դեպքը երբ է տեղի ունեցել, եւ ով է տուժածը, 3-րդ, 4-րդ անձից ենք իմացել: Բայց այն, որ նման դեպք եղել է, գրեթե վստահ եմ, Բնապահպանության նախարարությունն էլ նման ահազանգ ունի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանը:
Սիլվա Ադամյանը դեպքի առնչությամբ մեղադրում է FPWC կազմակերպությանը, որը ֆինանսավորում է Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոնը:
«Մենք կարծում ենք, որ դեպքը տեղի է ունեցել կենտրոնի վատ պայմանների պատճառով: Տարօրինակն այն է, որ մենք այդ կազմակերպությանը բազմիցս խնդրել ենք հրապարակել՝ կենդանիներն ինչ պայմաններում են ապրում, սակայն այն հրաժարվել է: Այնինչ, այն պարտավոր էր դա անել, քանի որ միջազգային, պետական մակարդակով ստանձնել էր կենդանիների տեղափոխությունը և խնամքը, ստանալով դրա համար համապատասխան միջոցներ շատ ճանաչված միջազգային կենդանապաշտպան կազմակերպությունների կողմից»,-նշեց բնապահպանը:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, սակայն, որ նման արձագանք չեն ստացել:
Նշենք, որ փետրվարի 10-ին Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն էին տեղափոխվել էին Գյումրիի մինի կենդանաբանական այգու 3 առյուծները:




























