Գյումրիում 2015թ. հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցինչները կարեւորում են մարտի 11-ին դատարան չներկայացած 7 վկաներից հատկապես մեկի՝ մեղադրյալ Վալերի Պերմյակովի անմիջական հրամանատարի ցուցմունքը:

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծիք հայտնեց, որ դատարանը հնարավոր բոլոր միջոցները կձեռնարկի 7 վկաներին դատակոչելու եւ հարցաքննելու ուղղությամբ: Ավելին՝ տուժող կողմի ներկայացուցիչները պատրաստվում են միջնորդություն ներկայացնել վկաների ներկայությունը ապահովելու առնչությամբ: 

«Դատարանը պատրաստակամություն հայտնեց հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել վկաների ներկայությունը ապահովելու ուղղությամբ: Մենք չառարկեցինք ապացույցների հետազոտման կարգը փոխելու՝ մեղադրողի միջնորդության դեմ հենց այդ նկատառումով»,-ասաց փաստաբանը:

Երվանդ Վարոսյանի խոսքով՝ վկաներին դատակոչելու հարցում դատարանը դժվարության առաջ է կանգնում այն պատճառով, որ Պերմյակովի հրամանատարին հեռացրել են զինված ուժերից հենց այս դեպքի առնչությամբ, իսկ վկաներից 6-ը զորացրվել են Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայից, մինչդեռ դատարանը իրավասություն չունի բերման ենթարկելու ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիական անձանց: 

«Եթե զինծառայողներ լինեին, կարելի էր փորձել դիմել ՌԴ Պաշտպանության նախարարությանը նրանց ներկայությունը ապահովելու հարցով, բայց քաղաքացիական անձի դեպքում մի փոքր այլ է: Պետք է պարզել՝ որտեղ են բնակվում, ծանուցել, կարող են ներկայանալ, կարող են՝ ոչ»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ դեռ վաղ է խոսել, որ դատարանը անգործություն է թույլ տալիս վկաներին դատակոչելու հարցում:

Անդրադառնալով գործով հարցաքննված նախորդ վկաներին՝ Երվանդ Վարոսյանը ընդգծեց՝ նրանց ցուցմունքների վերլուծությունից պարզ է դառնում, որ դատաքննության ավարտից հետո նոր վկաներ ներգրավելու  անհրաժեշտություն կլինի:

«Այն փուլում, երբ մենք օրենքով հնարավորություն կունենաք, նման միջնորդությամբ հանդես կգանք»,-ասաց նա: 

Նշենք, որ մարտի 11-ին նախատեսվում էր ռուսական ռազմաբազայի 7 նախկին աշխատակիցների հարցաքննությունը, սակայն ռուսական կողմը չի կարողացել ապահովել նրանց ներկայությունը: Այսպիսով՝ մեղադրող դատախազը դատարանին միջնորդեց փոխել ապացույցների հետազոտման կարգը եւ անցնել գործում եղած փաստաթղթերի հրապարակմանը:  Միջնորդությունը բավարարվեց: Ապացույցների հրապարակումը ընդհատվեց եւ նիստը հետաձգվեց Վալերի Պերմյակովի ինքնազգացողության վատթարացման պատճառով: Հաջորդ նիստը կկայան մարտի 18-ին:

Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով:

Հայկական կողմը 2015թ. դեկտեմբերի 18-ից սկսել է դատաքննությունը: Նիստերը տեղի են ունենում ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատարանի վճռով նիստն ընթանալու է ուրբաթ օրերին:

Վալերի Պերմյակովն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված բոլոր մեղադրանքներում՝ առանձնակի դաժանությամբ իրականացված սպանություն, ավազակություն եւ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձ: