Քվեարկածների ցուցակները հրապարակել արգելող՝ Սահմանադրական դատարանի որոշում իրոք գոյություն ունի: Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
«Նման որոշում կա ու այդ տեքստը հասանելի է ՍԴ կայքում»,- հավելել է նա:
Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ նման որոշում գոյություն չունի:
ՀՀ Սահմանադրական դատարանը 2003թ. N 412 որոշման մեջ նշել էր, որ պաշտպանում է Եվրոպայի խոհրդի Վենետիկի հանձնաժողովի 2002 թ. դիրքորոշումը, ըստ որի քվեարկության մասնակիցների ստորագրված ցուցակները համարվում են ընտրական գաղտնիքի մի մասը ու հրապարակման ենթակա չեն:
Միեւնույն ժամանակ Հայաստանի Սահմանադրական դատարանը, 2012 թ. մայիսի 5-ի N 1027 որոշման մեջ, մենկանաբանելով ցուցակների հրապարակման սահմանափակումը, մեջբերել էր տվյալ ոլորտի հիմնական եվրոպական չափորոշիչները մշակող Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ՄԻԺԿԲ դիրքորոշումները: Այսպես թե այնպես, հիմնական մոտեցումը պետք է համարել ոչ թե տեղեկությունների ազատության բացարձակությունը, այլ դրա իրավաչափ սահմանափակումը ու մյուսների իրավունքների երաշխիքների ապահովումը, ասվում է դատարանի որոշման մեջ:



























