Բաքվում մի տարեց կնոջ ու նրա ընտանիքին մահու չափ վախեցրել են վարկահավաքները: Ընտանիքն ի վիճակի չի եղել վճարել վարկը , ու բանկի աշխատակիցները սպառնացել են առևանգել թոռնուհուն, եթե ընտանիքը չվճարի գումարը:
Ինչպես հայտնում է haqqin.az–ը , 70-ամյա Սեւիլ Վելիեւան վստահեցնում է, որ 2011թ. նրա դուստր Գյուլանա Հուսեյնովան առաջին անգամ է փոքրիկ գումարի վարկ է վերցրել բանկից: Հաջորդ տարիներին բանկն առաջարկել է մեծացնել վարկի չափը, ու այդպիսով կնոջ պարտքը աստիճանաբար ավելացել է:
«2014թ. Գյուլանան 800 մանաթի չափով չվճարված պարտք ուներ, սակայն չէր կարող մարել այն : Այդ ժամանակ դուստրն անգործ էր մնացել, իսկ ամուսինն էլ մահացել էր արյան քաղցկեղից: Վարկատուները այն ժամանակ զանգահարել են նրան ՝ առաջարկելով նոր վարկ վերցնել 5 հազար մանաթի չափով ու դրանով մարել հինը»,- պատմում է տուժածը:
Վելիևան վստահեցնում է, որ ինքն անձամբ մի քանի անգամ գնացել է բանկ, աղաչել , որ իր դստերը փող չտան, քանի որ նա այդ վարկը վերադարձնելու փող չունի : Բանկում չեն լսել նրա խնդրանքը, ու Հուսեյնովային նոր վարկ են տվել: Սակայն մի քանի ամսից հասկացել են, որ կինն իրոք ի վիճակի չէ մարել այդ վարկը ու նրան սկսել են զանգահարել վարկահավաքները:
«Մեզ զանգում ու պահանջում էին վերադարձնել փողը՝ սպառնալով հակառակ դեպքում մեզ խայտառակել հարևանների առաջ: Մեր բոլոր ազգականներին պատմել են պարտքի մասին: Վստահեցրել, որ դռան առաջ աթոռ կդնեն ու կնստեն այնտեղ, որպեսզի բոլոր անցնող -գնացողները իմանան ու դատապարտեն մեզ : Իսկ վերջին անգամ սպառնացել էին մեր թոռնուհուն գողանալ դպրոցից »,- վստահեցնում է Վելիևան:





























