Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 2014թ-ի մայիսին ծննդաբերության ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի ամուսնու բողոքը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է: NEWS.am-ի հետ զրույցում Կարինե Պապանյանի ամուսնու՝ Սամվել  Հովհաննիսյանի փաստաբան Կարինե Դավթյանը նշեց, որ ինքը համոզված է, որ առաջին ատյանի դատարանի այս որոշումը չի բխում դատախազության եւ քննիչի շահերից եւ կարծում է, որ շուտով  կբողոքարկեն:

«Գործով շատ բացթուղումներ են եղել, դրանք ներկայացրել եմ դատարան, դատարանն էլ գտավ, որ մեր կողմից  նշվածները օբյեկտիվ են եւ բողոքը բավարարեց: Դատարանը հետ է ուղարկել գործը քննչական վարչություն, որպեսզի այդ բացթողումների մասով պատշաճ քննություն իրականացվի: Այս որոշումը քանի որ ոչ քննիչի, ոչ էլ դատախազի շահերից չի բխում, հնարավոր է, որ բողոքարկվի վերաքննիչ դատարան: Կարծում եմ՝ տասնօրյա ժամկետում: Ես համոզված եմ, որ այդքան հեշտությամբ իրենց պարտությունը չեն տանի եւ կբողոքարկեն»,-ասաց նա:

Նշենք, որ մահացած կնոջ ամուսինը դիմել էր դատարան՝ բողոքարկելով կնոջ մահվան առթիվ հարուցված գործը անհիմն կարճելու որոշումը: Սամվել Հովհաննիսյանը, կնոջ մահվան համար մեղադրում էր կնոջ հղիության ընթացքին հետևող բժիշկ Վահագն Մադոյանին՝ պահանջելով նրան ենթարկել պատասխանատվության:

Նշենք, որ Կարինե Պապանյանի ծննդաբերության ժամանակ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որը անցած տարի կալանավորվել էր ոստիկանների հետ վիճաբանելու պատճառով։ Բժշկի դեմ քրեական գործ էին հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալը) եւ կալանավորել: Ավելի ուշ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը փոխել էր խափանման միջոցն ու նրան ազատ արձակել 1 միլիոն դրամ գրավի դիմաց, գործը փակվել էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով մայիսի 28-ին Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով: