2007-2015թթ. ժամանակահատվածում Երեւանում բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը կրճատվել է 10.3 հազարից մինչեւ 8.5 հազար: Անկումն աղետալի չէ ( 18 տոկոսից էլ քիչ) բայց բնութագրական է վերջին տարիների համար:

Հիշեցնենք, որ 2003 թ դոլարի փոխարժեքը հասել էր իր առավելագույնին՝ 579 դրամի: Սակայն հետո ամերիկյան արժույթը հետեւողականորեն թուլացավ, ու 2008թ. այն հասավ 306 դրամի մակարդակի:

Դոլարը բառացիորեն «հալչում էր» աչքի առաջ ու այդ արժույթով խոշոր գումարներ ունեցողները իրենց փողերը փրկելու «հեռանկարային» տարբերակ գտան: Սկսեցին անշարժ գույք գնել: Միաժամանակ բարելավելով նաեւ իրենց բնակարանային պայմանները:

Այդ ժամանակահատվածում անշարժ գույքի շուկայում մեծ աշխուժություն սկսվեց: Զարգանում էր շինարարությունը (որը հետագայում անվանեցին «օճառի պղպջակ») ընդ որում թե քաղաքացիների, թե կազմակերպությունների հաշվին: Ունեւոր քաղաքացիները առանձնատներ էին կառուցում, թանկարժեք բնակարաններ գնում: Անշարժ գույքի գների աճը վստահություն էր ներշնչում, որ դա կապիտակը հաջող ներդրում է:

Բայց իրավիճակը փոխվեց: 2009 թ. սկսած՝ դրամը սկսեց թուլանալ, իսկ բնակարանի գները՝ դոլարով արտահայտված, նվազել: Բացի դրանից միգրացիայի նոր ալիքն է՛լ ավելի խախտեց անշարժ գույքի շուկայում պահանջարկի ու առաջարկի հավասարակշռության խախտումը:

Մայրաքաղաքի բազմաթիվ անշարժ գույքի գործակալներից մեկը նշեց, որ հիմա տեղացի գնորդների հիմնական մասը նախընտրում է էժանագին բնակարաններ գնել: Բնականաբար նրա խոսքն ամենեւին էլ չի հավակնում մայրաքաղաքի բնակարանների շուկայի մանրակրկիտ վերլուծության, այն սահմանափակվում է զուտ նրա գործունեության շրջանակներով:

Կյանքում հանդիպում են արդեն սովորական դարձած պատմություններ: Բրոքերի խոսքով, մեկուկես տարի առաջ ոմն քաղաքացի դիմել էր իրեն՝ խնդրելով օգնել վաճառել իր բնակարանը: Երբ մասնագետը նրան ծանոթացրել է բնակարանների ընթացիկ գներին՝ տանտերը տարակուսել է: Նա այդ գնից շատ ավելի բարձր գին էր ակնկալում: Եվ որոշելով ինքնուրույն զբաղվել բնակարանի վաճառքով, սկսել է իրար հետեւից ինտերնետում հայտարարություններ հրապարակել: Բայց ապարդյուն: Մասնագետի եզրակացությունը թափանցիկ է՝ առանց մասնագետի հնարավոր չէ բնակարան վաճառել: Չնայած երբեմն քաղաքացիները հաջողությամբ կարողանում են ինքնուրույն իրացնել իրենց անշարժ գույքը: Հաջողության գաղտնիքը պարզ է՝ գնորդին բավարարող հնարավորինս ցածր գին:

Ինչպես նշեց մասնագետը, էժանացած բնակարանները հատուկ «բիզնեսի» նոր ալիք են բարձրացրել: Որոշ բարեկեցիկ քաղաքացիներ իրար հետեւից գնում են էժան բնակարաններ, իսկ հետո դրանք վարձով հանձնում: Ե՛վ կապիտալն է պահպանվում՝ անշարժ գույքի ձեւով, եւ՛ պատշաճ եկամուտ են ունենում:

Սմբատ Գրիգորյան