Գյումրիի ավագանու նախկին անդամ Չուբար Զարգարյանը չի հերքում, որ իր եղբորորդին՝ Դավիթ Զարգարյանը, մասնակցել է մարտի 10-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, սակայն բացառում է, որ նա կարող էր զենք գործադրել:
«Ի՞նչ կրակոց, ո՞վ է ասել, էդ երեխեն հրացանը չիդե ինչ է: Ինքը ավտոն խփել է մյուսին, էդ գմփոցը գիտեն թե կրակոց է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Չուբար Զարգարյանը:
Նա նաեւ բացառում է շրջանառվող լուրերը, թե իր 50-ամյա եղբորորդին կարող էր աղջկա պատճառով հայտնվել այդ սկանդալային պատմության մեջ:
«Ինքը ըդպես տղա չէ, ինքը խելոք տղա է, ինքը աղջիկներից շատ հեռու է, աղջիկների հետ գործ չունի: Հմի աղջիկներն էնքան շատ են, որ յալվար են, որ տղոնց հետ ծանոթանան, ինչի՞ մասին է խոսքը: Էստեղ արդարացնելու կամ չարդարացնելու հարց չկա»,- ասաց Զարգարյանը:
Նշենք, որ Դավիթ Զարգարյանը ամուսնալուծված է և, ըստ շրջանառվող լուրերի, հետապնդել է ավագանու գործող անդամ Տիգրան Փանոսյանի դստերը: Հայրն ընկերների հետ փորձել է կասեցնել դստեր հետապնդումը, ինչը ավարտվել է բախումով:
Զարգարյանին վրդովեցնում է, որ դեպքի առնչությամբ շրջանառվում է իր անունը:
«Իմ անունը հերիք է տաք, իմ անունի հետ հերիք է խաղաք, ձեր գործով զբաղվեք, թե չէ գուկամ էդ մամուլներին ամենքի պոչերը տեղը կդնեմ, առանց իմանալու ասում եք Չուբար Զարգարյան հեղինակություն, ընձնից ինչ գուզեք, մյուս անգան անունս չշոշափեք, ես հո կրակը չեմ ընկել»,- ասաց Զարգարյանը:
Չուբար Զարգարյանը երկար տարիներ եղել է ավագանու անդամ, այժմ զբաղվում է բիզնեսով և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի սանիկն է:
Ավելի վաղ հաղորդել էին, որ մարտի 10-ին Գյումրիի Խանջյան փողոցում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել: Բնակիչների մի մասը կրակոց է լսել, մյուսները պնդում են, որ մեքենաների բախման ձայն են լսել: Դեպքի վայրում միայն փշրված ապակիներ են գտել, ավելի ուշ երկու վթարված մեքենա՝ քաղաքի տարբեր մասերում: «Լեքսուսը» ավագանու նախկին անդամ Չուբար Զարգարյանի ընտանիքին է պատկանում, «Ֆորդը»՝ ավագանու գործող անդամ Տիգրան Փանոսյանին, նույն ինքը՝ «Կռուգի Մըստը»: Գյումրեցիներն ասում են՝՝ դիտավորյալ են բախվել, աղջկա հաշիվ է, Չուբարի եղբոր տղան Փանոսյանի աղջկան է ուզում, չեն տալիս: Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Միջադեպի մանսակիցները ստորագրությամբ ազատ են արձակվել:



























