Թուրքիայի մայրաքաղաքում մարտի 13-ի երեկոյան ռումբով բեռնված մեքենայի պայթյունից հետո Անկարայի դատարաններից մեկը սոցկայքերում Անկարայի պայթյունի զոհերի կամ վիրավորների լուսանկարների ու տեսագրությունների տարածման արգելք է սահմանել։

Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Անկարայի պայթյունի հետ կապված սոցկայքերում արգելքից բացի Անկարայի դատախազությունը լրատվամիջոցների համար դեպքի հետ կապված ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկությունների հրապարակման արգելք է սահմանել։ Այսիքն, թուրքական լրատվամիջոցները ստիպված են լինելու հրապարակել միայն պաշտոնական հայտարարությունները։

Նշենք, որ մարտի 13-ին, Անկարայի Քըզըլայի շրջանում ռումբով բեռնված մեքենան բախվել է մի ավտոբուսի եւ պայթել, որի հետեւանքով մահացել է 34, վիրավորվել` 125 քաղաքացի։  Դեռեւս տեղեկություն չկա, թե որ կազմակերպությունն է իրականացրել պայթյունը։