Պետական դավաճանության եւ լրտեսության մեջ մեղադրվող՝ հետախուզության պետ, կոչումով մայոր 38-ամյա Գարիկ Մարությանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց հետախույզի շահերը պաշտպանող Մարինե Ֆարմանյանը:
«Գարիկ Մարությանին թվացել է, թե շփվում է իր բանակային ընկերոջ՝ Վազգեն Կիրակոսյանի հետ, ինքը չի իմացել, որ այդ անվան տակ իր հետ լրտես է խոսում: Այդ լրտեսը գերազանց տիրապետել է իրական Վազգեն Կիրակոսյանի անձնական տվյալներին: Գարիկ Մարությանն էլ խաբվել է, առք ու վաճառք տեղի չի ունեցել. հեծանիվն ու գումարն ուղարկել է որպես նվեր՝ իր վաղեմի բանակային ընկերոջը»,- ասաց Մարինե Ֆարմանյանը:
Փաստաբանի խոսքով՝ միակ ցավալի հանգամանքն այն է, որ Գարիկ Մարությանը՝ որպես հետախուզության նախկին պետ, պարտավոր էր ավելի ուշադիր լինել:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մ.-ն 1997-2014թթ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը: Ծառայությունն ավարտելուց հետո 2015թ. հուլիսին նա «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով ծանոթացել է «Vazgen Kirakosyan» օգտատիրոջ տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ եւ ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը: Նա ադրբեջանական կողմին հաղորդագրություններով փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու Զինված ուժերը վարկաբեկելու նպատակով: Այս ամենի դիմաց Գարիկ Մ.-ն ստացել է 700 ԱՄՆ դոլար եւ հեծանիվ:
Գարիկ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության: Այս հոդվածը սահմանում է պատիժ՝ տասից տասնհինգ տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Գործն արդեն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ավելի վաղ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասվում է․ «Երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով Գարիկ Մ.-ն կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ»:





























