Արտաշատի բժշկական կենտրոնը դեռեւս վերջնական որոշում չունի՝ քաղաքացիական հայց կներկայացնի «Շտապօգնության» վարորդ Հրաչիկ Կարապետյանի դեմ, որը 1 տարի առաջ վթարի էր ենթարկվել ԲԿ-ին պատկանող մեքենայով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Վարդան Հովհաննիսյանը:
«Այդ մեքենան մեզ նվիրել են առողջապահության նախարարությունից: Այդ պատճառով մենք հիմա դիմել ենք նախարարությանը՝ հասկանալու համար, թե այն մեր հաշվեկշռում է, թե ոչ: Եթե պարզվի, որ մեքենայի համար մենք պատասխանատվություն ենք կրում, ապա բնականաբար, քաղհայց կներկայացնենք: Հակառակ դեպքում դա չենք անի»,- ասաց Վարդան Հովհաննիսյանը:
Նշենք, որ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 4-ին մեկնարկած դատական նիստում, որտեղ քննվում էր Կարապետյանի մասնակցությամբ վթարը, որի հետեւանքով մահացել էր «Շտապօգնության» բաժնի վարիչ Կարապետ Գրիգորյանը, գրություն էր ստացվել Արտաշատի ԲԿ-ից: Գրության մեջ մասնավորապես ասվում էր. «Արտաշատի բժշկական կենտրոնին պատճառվել է 6 մլն 50 հազար դրամի վնաս: Կենտրոնը պատրաստվում է քաղհայտ ներկայացնել վարորդին եւ պահանջել փոխհատուցում»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` «Շտապօգնության» վարորդ Հրաչիկ Կարապետյանը 2015թ. մարտի 14-ին ժամը 20:55-ի սահմաններում գտնվել է միջին ծանրության աստիճանի ալկոհոլային հարբած վիճակում: Կարապետյանն Արտաշատի ԲԿ-ի շտապօգնության բաժանմունքին պատկանող ավտոմեքենայով երթեւեկել է Արարատի մարզի Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհով: Հասնելով Բերդիկ գյուղի խաչմերուկին` իրականացրել է ոչ պատշաճ եւ վտանգավոր երթեւեկություն ու խաչմերուկ մուտք գործելիս` նախապես չհամոզվելով, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ճանապարհը զիջում է իրեն, ստեղծել է վթարային իրադրություն: Կարապետյանն իր ավտոմեքենայի աջ մասով ընդհարվել է «Գազել» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է իր մեքենայի ուղեւոր, Արտաշատի ԲԿ ՓԲԸ-ի «Շտապօգնության» բաժնի վարիչ Կարապետ Գրիգորյանի մահը:
Հրաչիկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:
Գործը քննվում է արագացված կարգով:




























