Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են սահմանային ռեժիմը խախտած անձին, որը ապօրինի կերպով գտնվում էր հայ-թուրքական սահմանի մոտակայքում։

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Շիրակի մարզի Երազգավորս գյուղի սահմանագծին անհայտ անձ է հայտնվել, որը տեղաբնակներից հարցրել է, թե ինչպես կարող է անցնել Թուրքիա՝ Սեւ ծովի ափին հանգստանալու համար։

Աչալուրջ բնակիչները օպերատիվ կերպով այդ մասին հայտնել են Գյումրիի սահմանապահ ջոկատի մոտակա սահմանային ուղեկալին։

Ռուս սահմանապահների եւ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների համատեղ պլանի համաձայն՝ գյուղ է ժամանել օպերատիվ խումբ՝ ոստիկանության, ԱԱԾ-ի եւ Գյումրիի սահմանապահ ջոկատի զինծառայողների հետ միասին։

Մի քանի րոպե անց սահմանապահները Շիրակի  մարզի ոստիկանների հետ համատեղ ձերբակալել են օրինախախտին։

Զննության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է 1978թ. ծնված՝ Բելառուսի Հանրապետության քաղաքացու անձնագիր, տարբեր երկրների 8 արժույթ, այդ թվում՝ վիետնամական դոնգ։ Իրավախախտի խոսքով՝ ինքն ուղղակի սիրում է ճանապարհորդել «ավտոստոպով»։

Իրավապահները ձերբակալվածին բացատրել են, որ ՀՀ «Պետական սահմանի մասին» օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ նա խախտել է սահմանագիծ մուտք գործելու եւ ժամանակավոր կացության կարգը։

Ստուգումների ընթացքում պարզվել է, որ տվյալ քաղաքացին հոգեբանի մոտ հաշվառման է վերցված, եւ 2015թ. 8 ամիս հետախուզվել է որպես անհետ կորած։

Գործող օրենսդրության համաձայն՝ նրան հանձնել են ԱԱԾ աշխատակիցներին հետագա քննության համար։