Ոչ մի տեղ ամրագրված չէ, որ ստորագրված ցուցակների հրապարակումը հակասահմանադրական է: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, հրավիրված քննարկման ժամանակ ասաց  «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

«Սահմանադրական դատարանի որոշմամբ, եթե կա վեճ ընտրատեղամասում, ապա ընտրական ցուցակները պետք է դառնան դատական վարույթի նյութ եւ տրամադրվեն կողմերին: Մինչդեռ առայսօր դատական ոչ մի գործընթացում այս դրույթը կյանքի չի կոչվել»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Սահմանադրագետ Գաբրիել Բալայանն էլ ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի՝ 5 տարի առաջ կայացրած որոշման մեջ բացարձակ արգելք չկա՝ հրապարակելու:

«Ավելին Սահմանադրական դատարանի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները չեն կարող սահմանափակել ուղղակի ընտրական իրավունքի իրականացումը: Ասում են՝ հնարավոր չէ նկարահանել կամ տեսանկարահանել, սակայն արգելքը չի կարող բացարձակ դիտվել: Եթե Ընտրական օրենսգրքի այս նախագծում լիներ, որ կարելի է հրապարակել ցուցակները, նկարահանել, մենք չունենք որոշում, որն ուղղակիորեն կասի, որ այս դրույթները հակասում են Սահմանադրությանը»,- նշեց Գաբրիել Բալայանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի համար մինչդեռ անհասկանալի է այս քննարկումը, քանի որ այլեւս ակտուալ չէ սա:

«Եթե առաջարկվող օրենսգիրքն ընդունվի, այս հարցը կլուծվի էլեկտրոնային քվեարկությամբ: Այստեղ խնդիրն այն է, թե մենք կկարողանանք մինչեւ խորհրդարանական ընտրություններն ապահովել սա, քանի որ էլեկտրոնային քվեարկությանը պետք է մասնակցել նույնականացման քարտերով: Մինչդեռ այսօր 600 հազար մարդ ունի այդ քարտերից»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները չեն հրապարակվելու, քանի որ դա հակասահմանադրական է: Ընդդիմությունը մինչդեռ պնդում է, որ այդ ցուցակները հրապարակելը սահմանադրական է:

ՀՀ Սահմանադրական դատարանից NEWS.am-ին հայտնել են, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2003թ. N 412 որոշման մեջ նշել էր, որ պաշտպանում է Եվրոպայի խոհրդի Վենետիկի հանձնաժողովի 2002 թ. դիրքորոշումը, ըստ որի քվեարկության մասնակիցների ստորագրված ցուցակները համարվում են ընտրական գաղտնիքի մի մասը ու հրապարակման ենթակա չեն: