Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծում կարեւոր դրույթ կա հանրապետության խոշոր համայնքների մասին. Գյումրիում եւ Վանաձորում քաղաքացիները ընտրություն են կատարելու ոչ թե անհատների միջեւ, այլ քաղաքական ուժերի։ Այս մասին մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ դա կբարձրացնի քաղաքական ուժերի պատասխանատվությունը նրանց ստանձնած պատասխանատվության առումով։  «Բոլոր 13 ընտրական տարածքներում, ԸՕ նախագծի համաձայն, կանցկացվեն ընտրություններ համամասնական համակարգով, կա նաեւ տարբերակ, որը չի կարելի ռեյտինագային համարել. այստեղ քաղաքացին կարող է նաեւ իր ձայնը տալ կուսակցության անդամներից մեկին, ով կառաջադրվի այդ տարածքում։ Այստեղ մենք ՀՀ քաղաքացուն բավական լայն հնարավորություններ ենք տրամադրել»,- նշել է Ավետիսյանը։

Նրա խոսքով, եթե խոսենք համամասնական ընտրական համակարգի թերություններից, ապա բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում այդ համակարգը մեկ կարեւոր թերություն է ունեցել՝ այդ կուսակցության կամ պատգամավորի հետ հետադարձ կապի բացակայությունը։ Եվ այդ դեպքում վերոնշյալ ընտրական համակարգը Հայաստանում այնպես է կիրառվում, որ ընտրողը հնարավորություն ունենա հետադարձ կապ պահպանել այս կամ այն տարածքի պատգամավորի հետ։