Beeline-ը Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հետ համատեղ հայտարարում են «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի երկրորդ փուլի ավարտի եւ երրորդ փուլի մեկնարկի մասին: Ծրագիրն իրականացնում է Beeline-ի «Make your mark» գլոբալ ռազմավարության շրջանակում։
Ծրագրի ավարտական փուլում, 20 երիտասարդներ ՀԳՀՄ թրեյնինգների, մենթորինգի եւ խորհրդատվության շնորհիվ մշակել եւ ներկայացրել են իրենց բիզնեսը հիմնադրելու գործարար նախագծերը: Նախագծերը գտնվում են ոլորտի մասնագետների կողմից գնահատման փուլում, որից հետո անհրաժեշտ փոփոխությունների եւ խորհրդատվության միջոցով դրանք կբարելավվեն, այնուհետ ՀԳՀՄ եւ Հայաստանում Beeline–ի աջակցությամբ այդ բիզնես ծրագրերի հեղինակները կհիմնադրեն իրենց սեփական բիզնեսը:
Ծրագրի առաջին փուլին մասնակցեցին ավելի քան 350 ավագ դպրոցի աշակերտներ եւ ուսանողներ Երեւանից եւ մարզերից, ովքեր «Կարիերայի պլանավորման ճանապարհին» թրեյնինգ-դասընթացի ընթացքում ստացան ամբողջական գիտելիքներ եւ հմտություններ գրագետ ինքնակենսագրական գրելու, աշխատաշուկայում համապատասխան աշխատանք գտնելու եւ հարցազրույցին պատշաճ ներկայանալու մասին: Դասընթացներն անց են կացվել 10-15 մասնակցից բաղկացած խմբերում, որի ավարտին մասնակիցները ստացել են հավաստագրեր:
Նոյեմբեր ամսին մեկնարկեց դասընթացների երկրորդ փուլը, որի ընթացքում ընտրվել են 70 ակտիվ, նախաձեռնող եւ բիզնես գաղափարներ ունեցող երիտասարդներ, բիզնես ոլորտի փորձագետների կողմից կազմակերպվել է հատուկ մասնագիտական երկօրյա դասընթաց «Ինչպե՞ս սկսել սեփական բիզնեսը Հայաստանում» թեմայով: Այս փուլի ավարտին ընտրվել է լավագույն 20 մասնակից։
«ՀԳՀՄ-ի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում Beeline–ին, մի կազմակերպության, որը ՀՀ-ում աչքի է ընկնում իր բազմաթիվ կորպորատիվ սոցիալական ծրագրերով, լավագույն փորձով բիզնեսի վարման բնագավառում, որի շնորհիվ ծրագրում ըդգրկված 350 երիտասարդներ էականորեն բարձրացրել են իրենց մրցունակությունը աշխատաշուկում եւ շուտով 20 երիտասարդներ կհիմնադրեն իրենց սեփական բիզնեսը, նոր որակ բերելով բիզնես մշակույթում: Այս ամենի շնորհիվ զգալիորեն կխթանվի զբաղվածությունը ՀՀ-ում», - նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Համոզված եմ, որ այս ծրագիրը հնարավորություն է ընձեռում Հայաստանի ողջ տարածքում նպատակասլաց երիտասարդներին ձեռք բերել այնպիսի գիտելիքներ եւ հմտություններ, որոնք, անշուշտ, օգտակար կլինեն իրենց կարիերայի պլանավորման, ինչպես նաեւ բիզնեսի վարման եւ զարգացման գործընթացում։ Իսկ մենք էլ մեր հերթին «Թող քո հետք»-ը գլոբալ սոցիալական ռազմավարության շրջանակում կաջակցենք նրանց գրանցելու իրենց բիզնեսը եւ ստանալու մասնագիտական խորհրդատվություն եւ աջակցություն բիզնեսը վարելու ճանապարհին՝ փոխելով երիտասարդների կյանքը դեպի ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline–ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ «ՀՀ աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացում» խորագրով ծրագրի նպատակն է երիտասարդների շրջանում խթանել բիզնես պլան կազմելու եւ կարիերան պլանավորելու, սեփական բիզնեսը հիմնելու եւ վարելու գործընթացը, բարձրացնել մրցունակությունն աշխատաշուկայում, ինչպես նաեւ նպաստել աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը եւ զբաղվածության խթանմանը։



























