Հայաստանյան պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում համակարծիք են ԿԳ նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանի այն հայտարարությանը, որ Հայաստանում ավելի քան 20 տարի գործող մագիստրատուրան մատուցող կրթության որակով ոչ մի բանով չի տարբերվում բակալավրում ստացած կրթությունից: Միեւնույն ժամանակ պատասխանատուները վստահեցնում են, որ իրենք քայլեր ձեռնարկում են, որ ուսումնական ծրագրերը տարբերվեն եւ մագիստրատուրան արդյունավետ լինի ուսանողի համար:
«Ամենամեծ խնդիրն այն է, որ մագիստրոսական ծրագրերը կրկնում են կամ գրեթե կրկնում են բակալավրիատի ծրագրերը, որը չպետք է լինի: Երեւանի պետական համալսարանում սա համեմատաբար լուծված է, սակայն ոչ բոլոր ֆակուլտետներում: Հուսամ, որ շուտով այս խնդիրը կհաղթահարենք»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Ռեկտորն ամեն դեպքում խոստովանում է, որ Հայաստանում մագիստրատուրան այն մակարդակի վրա չէ, ինչպես որ աշխարհում է: Ըստ Արամ Սիմոնյանի՝ բավականին դժվար գործ է այս համակարգը Հայաստանում ներդնելու համար:
«Ծրագրեր ստեղծելը խնդիր չէ, այստեղ հոգեբանական ընկալման խնդիր կա: Մինչեւ հիմա շատերը կարծում են, որ խորհրդային մոդելն ամենաընդունելին է: Ինքս բնականաբար դրա կողմնակից չեմ, սակայն հասարակության այս կարծիքն անդրադառնում է առաջին հերթին դասախոսական կազմի վրա»,- նշում է Արամ Սիմոնյանը՝ հորդորելով ազատվել խորհրդային համակարգի նկատմամբ այդ «արհեստական նոստալգիայից»:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Կամո Վարդանյանը վստահեցնում է, որ իրենց մոտ այս խնդիրը չկա. համալսարանում դեռեւս մի քանի տարի առաջ են վերանայել ուսումնական ծրագրերը, որ չկրկնվեն:
«Նախ եւ առաջ որոշում ենք կայացրել, որ բակալավրիատի եւ մագիստրատուրայի դասախոսներին տարբերակենք. բակալավրիատում դասավանդող դասախոսը չի դասավանդում մագիստրատուրայում եւ հակառակը»,- ասում է Կամո Վարդանյանը:
Համալսարանի ներկայացուցչի խոսքով, իրենց մոտ մագիստրոսական ծրագրերը նեղ մասնագիտական են, միտված են գիտահետազոտական աշխատանքների զարգացմանը. «Դասավանդման տարբերություններ կան բակալավրիատի առաջին եւ երկրորդ կուրսերում առավել հեշտ է, ինտերակտիվ, իսկ մագիստրոսական գործընթացում քննարկման հիման վրա է իրականացվում գործընթացը»:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նույնպես պնդում են, որ փորձում են փոփոխություններ մտցնել ուսումնական ծրագրերում, որպեսզի մագիստրատուրայի եւ բակալավրիատի ծրագրերը տարբեր լինեն:
«Մագիստրատուրան կայանալու խնդիր ունի Հայաստանում: Մեր համալսարանն արդեն քննարկել է եւ գրություն է ուղարկել նախարարությանը, որ ծրագրերը փոփոխվեն: Եթե նախկինում մեր ուսումնական ծրագրերը կրկնվում էին, ապա վերջին տարիներին բավականին փոփոխություններ են կատարվել: Արդեն 3-4 ամիս է՝ վերանայում ենք ամբողջ ծրագրերը, որ չկրկնվեն»,- ասում է համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Յուրի Մարմարյանը:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳ նորանշանակ նախարար, ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը խոստովանել է, որ Հայաստանում ավելի քան 20 տարի գործող մագիստրատուրան մատուցող կրթության որակով ոչ մի բանով չի տարբերվում բակալավրում ստացած կրթության որակից։ «Մագիստրատուրայում կրթությունը իր բովանդակությամբ ոչ մի կերպ ուսանողին չի կապում աշխատաշուկայի հետ։ Օրենքում նշվում է, որ բակալավրը լիարժեք բարձրագույն կրթություն է։ Դա նշանակում է, որ ընդունվելով մագիստրատուրա՝ ուսանողը պետք է նոր մակարդակի կրթություն ստանա։ Սակայն հաճախ մագիստրատուրան կրկնում է բակալավրի աստիճանը»,- ասել է նախարարը։



























