15-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություն ունեցած 26-ամյա Արսեն Մելիքյանը կմնա ազատության մեջ: Նման որոշում է կայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը` մերժելով գործով դատախազի բողոքը, որով պահանջում էր քրեական պատասխանատվության ենթարկել երիտասարդին:
Արսենը առաջին ատյանի դատարանի կողմից 4 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու եւ 2 տարվա փորձաշրջան անցնելու որոշմամբ:
Մեղադրողը վերաքննիչ բողոքում նշել է, որ առաջին ատյանի դատարանի դատավճռով թույլ է տրվել դատական սխալ, նյութական եւ դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա եւ այն ենթակա է բեկանման, սակայն Վերաքննիչը մեղադրողի բողոքը մերժել է՝ գտնելով, որ առաջին ատյանի կայացրած վճիռն օրինական է:
Ըստ մեղադրական եզրակացության` Արսեն Մելիքյանը 25 տարեկանում Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի իր բնակարանում պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել տասնվեց տարին չլրացած` 15-ամյա Ս. Ա.-ի հետ` վերջինի համաձայնությամբ ու կամքով:
Այսինքն` Արսեն Մելիքյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ՝ սույն օրենսգրքի 138-րդ, 139-րդ կամ 140-րդ հոդվածով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում, որը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:




























