Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին գոհացրել է Վենետիկի հանձնաժողովի հետ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումը, որ տեղի է ունեցել այսօր՝ մարտի 14-ին:
«Կարծում եմ՝ կառուցողական քննարկում էր: Մենք ներկայացրինք, մեզ հասկացան: Եզրակացությունից հետո կարող ենք ասել՝ արդյունավետ էր հանդիպումը, թե ոչ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Քննարկմանը մասնակցել են նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, «Հայաստանի հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության, Բաց հասարակության ինստիտուտի, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի ներկայացուցիչներ:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Վենետիկի հանձնաժողովին են ներկայացրել դիտորդական առաքելության ինստիտուտի հետ կապված մտահոգությունները, ընտրացուցակների, բողոքարկման մեխանիզմների արդյունավետության հետ կապված հարցերը:
«Լսում էին ուշադիր, մեր գնահատականների, առաջարկությունների համար լրացուցիչ, ճշտող հարցեր էին տալիս: Իրենք գրանցում էին, արձանագրում էին: Թե դա ինչ տեղ կունենա, ինչքանով հաշվի կառնվի, դժվար կլինի այժմ պատկերացնել»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան Ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Նշենք, որ վերջնական եզրակացություն տալու համար Վենետիկի հանձնաժողովն այսօր՝ մարտի 14-ին են ժամանել Հայաստան, վաղը դեռ հանդիպումներ, քննարկումներ պետք է ունենա նաեւ խորհրդարանական խմբակցությունների հետ: Հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, որտեղ քննարկվել են Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կուսակցության ունեցած դիտարկումներն ու առաջարկները: Անդրադարձ է եղել նաեւ քվեարկված ընտրացուցակների հրապարակմանը:






























