Լեոնիդ Ենգիբարյանը աղջիկներ շատ էր սիրում, կրկեսի ծանր փորձերից ազատ միակ օրը` երկուշաբթիները, Ենգիբարյանն անցկացնում էր իր արվեստը գնահատող տարբեր ազգի աղջիկների ու կանանց հետ հանդիպումներով:
Ինչպես նշում է Հայաստանի Կրկեսային գործիչների միության նախագահ, Լեոնիդ Ենգիբարյանի աշակերտ ու երկարամյա գործընկեր Սոս Պետրոսյանը, արդեն կիրակի երեկոյից Ենգիբարյանի մոտ սկսվում էին այցելությունները:
«Ինձ ասում` Սո´ս, ժամը 12-ին Կատյային կանչում ես ցիրկ, Տանյային ճանապարհում ես, ու էսպես մի քանի հատ ցուցակ. մեկին բերում էի, մյուսին տանում էի»,- պատմում է Սոս Պետրոսյանը:
Նրա խոսքով` Ենգիբարյանը կնամոլ էր բառի ոչ ուղղակի իմաստով. երեւանյան ռեստորաններ հրավիրելու փոխարեն հայ կրկեսի մեծանուն դերասանն աղջիկներին տանում էր կրկեսում տեղակայված իր համեստ սենյակը ու կրկեսային համարներ ցույց տալիս:
«Աղջիկներին տանում էր իր սենյակ ու ստոյկա էր կանգնում, նովելներն էր կարդում, կարծիք հարցնում: Իհարկե, աղջիկներից շատերին դրանք հետաքրքիր չէին, նրանք ուզում էին զվարճանալ: Ես էլ դրանից օգտվում էի, նրանց տանում էի Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ զբոսնելու»,- ասում է Սոս Պետրոսյանը:
Ինչպես նա է նշում` ստացած գումարի մեծ մասը Ենգիբարյանն աղջիկների վրա էր ծախսում. չնայած նա ամենաշատն էր վարձատրվում, բայց ամենաշուտը հենց նրա գումարն էր վերջանում.:
«Մտնում էինք «Մանկական աշխարհ», աղջիկներից մեկին հավանում էր, գլխարկ էր առնում նվիրում, կամ գումար էր տալիս: Ամբողջ գումարը սիրուն աղջիկների վրա էր ծախսում, հետո էլ ասում` Սո´ս, կլինի պապայիդ ասենք փող տա»,- պատմում է Սոս Պետրոսյանը:
Կարեւոր` հատկապես գեղեցիկ արտիստուհիների հետ հանդիպումներին Ենգիբարյանը հատուկ կերպով էր պատրաստվում:
«Մի անգամ կարեւոր հանդիպման էր, ասաց` արի քո կաշվից բաճկոնը տուր ինձ, ես իմը քեզ տամ: Ես նրա բաճկոնը հագա, մեկ էլ տեսնեմ` ծոցագրպանում ահագին փող կա: Որ հետ եկավ, ասի` Լեոնի´դ Գեորգիչ, Ձեր փողերը բաճկոնի գրպանում եք մոռացել: Նա վերցրեց այդ փողը, ասաց` Самый честный из армян, это Сосик Петросян»:



























