2016 թ. մարտի 4-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Ռ. Գ.-ը: Վերջինս հայտնել է, որ 2015 թ. նոյեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Լոռու մարզի Նոր Խաչակապ գյուղի տարածքում գտնվող Ռոսիա գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՌԴ քաղաքացի Կ. Բ.-ը հարվածել է իրեն՝ հասցնելով կյանքին վտանգ սպառնացող առողջության ծանր վնաս:
Դեպքի առթիվ 2015 թ. նոյեմբերի 23-ին ՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Քրեական գործ հարուցելուց երկու շաբաթ անց միայն կայացվել է Կ. Բ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում, եւ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ինչ վերաբերում է Ռ. Գ.-ին որպես տուժող քրեական գործում ներգրավելուն, ապա վերջինս դրա վերաբերյալ որոշում դեռեւս չի ստացել, մինչդեռ քրեական գործ հարուցելուց անցել է ավելի քան երեք ամիս:
Ռ. Գ.-ի պնդմամբ՝ Լոռու մարզի քննչական բաժնի աշխատակիցները նախ փորձել են կոծկել հանցագործությունը, ապա առաջարկել համաձայնության գալ մեղադրյալի հետ՝ որպես փոխհատուցում տրվող գումարի շուրջ, այլապես վերջինս ոչինչ չի վճարի:
Դրան հաջորդել է մեղադրյալ Կ. Բ.-ի եւ նրա մերձավորների կողմից Ռ. Գ.-ի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքները, ինչի մասին վերջինս հայտնել է իրավապահ մամիններին, որոնք, սակայն, հրաժարվել են միջոցառումներ ձեռնարկելուց: Ռ. Գ.-ի պնդմամբ՝ իրավապահ մարմինների կատարյալ անգործության պայմաններում շարունակվում են ճնշումներն ու սպառնալիքները իր եւ իր ընտանիքի նկատմամբ:
Իրավապահ մարմինները ոչ միայն միջոցներ չեն ձեռնարկում հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու ուղղությամբ, այլեւ տարբեր ճանապարհներով փորձում են կոծկել կատարված հանցագործությունը, մասնավորապես՝ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի բաժնի պետի պաշտոնակատար Ն. Խաչատրյանը ուղղորդել է մեղադրյալ Կ. Բ.-ին, որ վերջինս համաձայնության գա դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետի հետ՝ ոչ ճիշտ եզրակացություն կատարելու շուրջ, ինչի մասին բացահայտ հայտնել է Ռ. Գ.-ին:
Հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ 2016 թ. մարտի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ կասկած հայտնելով, որ քննչական մարմնի աշխատակիցների եւ գործով մեղադրյալի միջեւ առկա է հանցավոր համագործակցություն:
Հանցագործության մասին վերոնշյալ հաղորդմամբ Կազմակերպությունը պահանջել է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ռ. Գ.-ի խախտված իրավունքների վերականգնման, նրա եւ նրա ընտանիքի անդամների անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաեւ ձեռնարկել միջոցներ ներկայացված հանցագործությունը բացահայտելու, քրեական գործ հարուցելու, հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:




























