Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելիս ոստիկանությունը կիրառել է ոչ թե բռնություն, այլ ֆիզիկական ուժ: Այս մասին այսօր` մարտի 14-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց քրեական գործով հսկողություն իրականացնող դատախազ Հայկ Պետրոսյանը` նշելով, որ քանի որ Կիվիրյանը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, նրան բերման են ենթարկել՝ կիրառելով համաչափ ուժ, ինչի ժամանակ էլ նա ստացել է մարմնական վնասվածքներ, որը օրենքի շրջանակում է:
Ինչ վերաբերում է Կիվիրյանին ոստիկանությունում սահմանված 3 ժամից մոտ 20 րոպե ավելի պահելուն, դատախազը նշեց, որ դա դիտավորության հետեւանք չի եղել:
Այս ամենը հաշվի առնելով էլ, ըստ նրա, ՀՔԾ-ն որոշում է կայացրել կարճել Կիվիրյանի կողմից ներկայացված վերը նշված փաստերով հարուցված քրեական գործը:
Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պնդեց, որ Կիվիրյանին բերման ենթարկելով ոստիկանները խախտել են խաղաղ հավաք անցկացնելու, ազատության, ինչպես նաեւ Մարդու իրավունքների կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսվող՝ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքին չենթարկվելու նրա իրավունքը:
Դատախազի այն պնդմանը, թե Հավաքների ազատության մասին օրենքը չի խախտվել, քանի որ գործող նորմերով քաղաքապետարանի դիմացի կանաչ տարածքը արգելվում է օգտագործել ոչ նպատակային նշանակությամբ, իսկ Կիվիրյանն այնտեղ վրան էր փորձում տեղադրել, Լուսինե Սահակյանն արձագանքեց` խնդրելով գտնել եւ մատնացույց անել իրավական այն նորմը, որով սահմանվում է, թե որն է կանաչ տարածքի նպատակային օգտագործումը:
Փաստաբանը նաեւ նկատեց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչներին չէր կարելի որպես անկախ եւ անաչառ դիտորդ ներգավել` հասկանալու համար արդյոք Կիվիրյանի նկատմամբ ոստիկանները վատ վերաբերմունք են ցուցաբերել, թե ոչ: Բացի դրանից, նա հիշեցրեց, որ Կիվիրյանի ազդրի վնասվածքը չէր կարող պարզապես բերման ենթարկելու հետեւանքով ստացած վնասվածք լիներ, իսկ տեսագրության մեջ ակնհայտ երեւում է, որ Կիվիրյանը ոստիկաններին դիմադրություն ցույց չի տվել:
Փաստաբանը վստահ է, որ այս հարցերի պատասխանները նախաքննական մարմինը չի ստացել, քանի որ օբյեկտիվ քննության նպատակ չի ունեցել:
Դատարանը ավարտեց բողոքի քննությունը եւ իր որոշումը կհրապարակի մարտի 24-ին:
NEWS.am-ի հետ զրույցում վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ իրենք Հայաստանի Հանրապետության դատական ատյաններից արդարություն չեն ակնկալում, բայց պետք է սպառեն ներպետական բոլոր ատյանները` Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար:
Նշենք, որ 2013թ. օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի առջեւ տրանսպորտի թանկացման դեմ բողոքի ակցիայի ժամանակ Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել: Նրա նկատմամբ ոստիկանների կողմից բռնության գործադրման եւ ոստիկանությունում սահմանված ժամկետից ավելի երկար պահելու բողոքի հիման վրա հարուցված քրեական գործի վարույթը ՀՔԾ քննիչի որոշմամբ կարճվել էր: Կիվիրյանը այդ որոշումը բողոքարկել է բոլոր ատյաններում: Վճռաբեկ դատարանը որոշումը բեկանել է եւ գործը վերադարձրել առաջին ատյանի դատարան:





























