ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանին («Յուվեցի Կարո») 6 տարի առաջ միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Արթուր Զադոյանը պետք է արդարացվի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գործով ամբաստանյալի փաստաբան Սիմոն Ամիրխանյանը: «Արթուր Զադոյանը հանցագործություն չի կատարել, հանցագործություն կատարել է մյուս կողմը: Հետեւաբար, իմ պաշտպանյալը պետք է արդարացվի, բացի դրանից վաղեմության ժամկետն անցել է արդեն»,- ասաց Սիմոն Ամիրխանյանը:
Այս գործը վերաբացվել էր 2014 թ.-ի մարտին։ Մինչեւ հիմա Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դատաքննությունը: Ըստ Սիմոն Ամիրխանյանի, մարտի 22-ին նշանակված դատական նիստում ինքը միջնորդություն է ներկայացնելու՝ գործով քննիչի ապօրինությունների մասին, որից հետո ամենայն հավանականությամբ, դատաքննության ավարտ կհայտարարվի:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երեւան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին եւ աջ ոտքին: Կարո Կարապետյանը նաեւ ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, որը ոտքերի հարված էր ստացել գլխին եւ ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին եւ 3 վիրահատության ենթարկվել:
Գործը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել միայն 2014թ․ հուլիսին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Զադոյանն ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն եւ ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս եւ տվել սպանության սպառնալիքներ:
Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավորի եւ Զադոյանի միջեւ թշնամանքի պատճառը խոշոր գումարն է՝ 57 հազար 6 հարյուր ԱՄՆ դոլար, որը պատգամավորի պնդմամբ՝ Զադոյանը պարտք է իրեն։ Զադոյանի պնդմամբ՝ պատգամավորն է պարտք իրեն։





























