Եթե Վենետիկի հանձնաժողովից հավաստիացումներ լինեն ընտրությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակման հետ կապված, գործընթացն ավելի տրամաբանական ընթացքի մեջ կդրվի: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ես կարծում եմ՝ հարցին պետք է համալիր մոտենալ, որպեսզի կանխվեն կրկնակի քվեարկությունները: Օրինակ, միասնական մեկ փաստաթուղթ լինի, գրանցման ժամանակ հստակ իմանանք, որ մեկ անգամ է քվեարկելու անձը, հարցերը լուծվելու են»,-ասաց նա:

 «Եթե քաղաքական կրքերը կհանդարտվեն այս հարցը լուծելով, ինչո՞ւ չլուծել: Մանավանդ, որ տեխնիկապես այդ խնդիրն ուզում ենք լուծել: Նույնիսկ եթե դա չլինի, եւ Վենետիկի հանձնաժողովի ու Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները չխանգարեն այց ցուցակների մատչելիության մեծացմանը, կարող են մի երեք հոգի արտագրեն ցուցակները ու հստակեցնեն: Սա հիմք է, որ դատական կարգով հարցը վիճարկվի: Ենթադրենք 2 հազար ընտրողների 10 տոկոսը բացակա է եղել եւ նրանց փոխարեն քվեարկել են այլ անձինք: Այս հիմքով կորող են դիմել դատարան: Այսինքն խնդիրը լուծելու ձեւը պահպանվում է» ,-ասաց ՀՅԴ պատգամավորը:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովում Վենետիկի հանձնաժողովը հանդիպում է խմբակցություններին՝ լսելու Ընտրական օրենսգրքի վերաբերյալ նրանց առաջարկներն ու դիտարկումները: Այս պահին ՀՅԴ խմբակցությունը դեռ չի հանդիպել Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ: