Հայաստանի Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ կարծես թե ձեւավորվում է միասնական ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ. դա դեռ վերջնական չէ, սակայն այդ պլատֆորմի նախագիծն արդեն կա։ Այս մասին մարտի 15-ին՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամների հետ հանդիպման ավարտին, լրագրողներին ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Պատգամավորը նշել է, որ նշված պլատֆորմի նախագիծը պահանջում է հրապարակել քվեարկածների ցուցակները, մաքրել ընտրացուցակները, այսինքն՝ դրանք բաժանել 2 մասի՝ մշտապես Հայաստանում ապրողների եւ արտասահմանում բնակվողների։ Երրորդ հերթին՝ խոսքը ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրելու մասին է, ինչպես նաեւ ընտրողների մատները թանաքոտելու եւ տարածքային համամասնական ցուցակներից հրաժարվելու, որպեսզի պահպանվի գործող համամասնական համակարգը։ «Այս 5 պահանջները մենք բարձրացրել ենք հանդիպմանը եւ բացատրել, որ առանց դրանց կատարման, Հայաստանում փաստացի կպահպանվի կեղծումների համակարգը, որը տարիներ շարունակ ժողովրդին զրկում է կամարտահայտման իրավունքից»,- ընդգծել է Լեւոն Զուրաբյանը։





























