ԵԱՀԿ/ՄԻԺԿԲ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն ունեն այն ընկալումը, որ քվեարկածների ցուցակների հրապարակումն իրոք արդիական հարց է Հայաստանի համար: Այս մասին մարտի 15-ին NEWS.am-ի եւ Araratnews.am–ի թղթակիցների հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության կառավարման փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ամփոփելով ԵԱՀԿ ՄԻԺԿԲ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ կուսակցության ներկայացուցիչների հանդիպման արդյունքները:

Նրա խոսքով, հանդիպման ընթացքում ոչ մի գաղտնի հարց չի քննարկվել: «Կարող եմ ասել, որ շատ արդյունավետ քննարկում էր: Փորձագետները լսել են մեր բոլոր առաջարկները: Դրանք կոնկրետ ու նրանց համար հասկանալի առաջարկներ են»,- նշել է Մարտիրոսյանը: Կուսակցության առաջարկները, շարունակել է նա, վերաբերում էին քվեարկածների ցուցակների հրապարակմանը, ընտրական ցուցակների մաքրելուն, ընտրատեղամասերում ու քվեարկության խցերում տեսախցիկներ տեղադրելուն, գրանցման համար մատների վրա կնիքներ դնելուն, հասարակ համամասնական ընտրական համակարգը պահպանելուն՝ առանց տարածքային ցուցակների: «Այս 5 կետերը առաջնային են, քանի որ նշված առաջաիկները կյանքի կոչելը կապահովի «1 քաղաքացի 1 ձայն» սկզբունքը: Մենք հիմնավորեցինք իշխանությունների առաջարկած ԸՕ բավականին բացասական բնույթը: Նշեցինք, որ ամեն դեպքում պետք է ընդունվի այնպիսի ԸՕ, որը քաղաքական գործընթացները կվերադարձնի ընտրությունների շրջանակ ու պայքարի միակ վայրը փողոցը չի թողնի»,- շեշտել է Մարտիրոսյանը:

Անդրադառնալով քվեարկածների ցուցակները հրապարակելուն՝ նա նշեց. «Կարծում եմ, որ փորձագետները ունեն Հայաստանի համար այս հարցի արդիականության ընկալումը: Խնդիրը արտացոլվել է ԵԱՀԿ /ՄԻԺԿԲ վերջնական զեկույցում: Տվյալ դեպքում այս հարցի կապակցությամբ իշխանությունների մտահոգությունը երկրորդաական է, քանի որ այն բացառապես քաղաքական ցինիզմի ու երեսպաշտության շրջանակում է»: Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների այն հավաստիացումներին, որ քվեարկածների ցուցակների հրապարակումը հակասում է միջազգային փաստաթղթերին, ապա Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, դրանք անհիմն են: