Զգացվում է, որ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձաագետների մոտեցումը Հայաստանի ընտրական օրենսգրքի վերաբերյալ պաշտոնական չէ: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ամփոփելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ իրենց հանդիպման արդյունքները:

Նրա խոսքով, հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները երկար տարիներ Վենետիկի հանձնաժողովն օգտագործել են, որպեսզի զիջման չգնան սեփական հասարակությանը կամ ընդդիմության հետ բանակցությունների ժամանակ:

«Իշխանությունների ռազմավարությունը հետեւյալն է. որեւէ կարեւոր փաստաթուղթ գաղտնի են պահում, առանց հասարակության կամ ընդդիմության հետ քննարկման ուղարկում են Վենետիկի հանձնաժողով, որոշ ժամանակ անց ստանում են նրա հավանությունը եւ հայտարարում, որ չեն կարող զիջման գնալ: Մեր կարծիքով, Վենետիկի հանձնաժողովը պետք է ձեռնպահ մնա որեւէ կարծք հայտնելուց, մինչեւ ընդդիմության եւ հասարակության հետ բանակցությունների գործընթացի ավարտը: Շատ կարեւոր է, որ նրանք իրականում չվերածվեն մանիպուլացման գործիքի իշխանության ձեռքին»,-ընդգծել է Լեւոն Զուրաբյանը: