Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի հետեւանքով մահացած Ռուսլան Հարությունյանի ծնողները դեռեւս տեսակցության չեն գնացել նույն վթարից տուժած ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գտնվող իրենց երկու տղաներին` Ռոմանին եւ Արկադիին:  Այս մասին NEWS.am-ի հետ  զրույցում ասաց նրանց հարազատներից տիկին Զոյան` նշելով, որ Արկադին եւ Ռոմանը դեռ չգիտեն, որ իրենց եղբայրը ավտովթարի հետեւանքով մահացել է:

«Ծնողները չգիտեն` ոնց գնան, իրենց ինչպես պահեն, որ տղաները չհասկանան, որ Ռուսլանը մահացել է: Ծնողները շատ վատ վիճակում են, իսկ Ռուսլանն ու Արկադին հաստատ կհասկանան, որ իրենց եղբայրը մահացել է: Նրանք այնքան էլ լավ վիճակում չեն, որ նման լուր հայտնեն նրանց»,-ասաց տիկին Զոյան:

Նշենք, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երեք զինծառայողներ` Արկադի, Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են, Արկադին եւ Ռոմանը տարբեր մարմնական վանսվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը մահացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն: