Ընտրություններից հետո ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ այդ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշում է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի նախկինում տված փորձագիտական եզրակացություններին համահունչ:

«Այդ հարցի շուրջ իշխանություններն իրենց տեսակետը կներկայացնեն առաջիկա քննարկումների ընթացքում, իսկ եթե դուք ցանկանում եք իմանալ իմ անձնական կարծիքը, ապա ես կարծում եմ, որ ստորագրված ընտրական ցուցակների հրապարակումը մարդու իրավունքների խախտում է»,- ընդգծել է Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, այդ ցուցակների հրապարակումը կարող է ճնշումների դաշտ ստեղծել այն մարդկանց համար, որոնք չեն ուզում, որպեսզի հանրայնացվի ընտրություններին իրենց մասնակցությունը:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը նշում է, որ այդ ցուցակները հրապարակելով վստահությունը կաճի հասարակության շրջանում, Վիգեն Սարգսյանն արձագանքել է. «Այն համակարգերը, որոնք դրվել են տարիների ընթացքում բավականին հզոր մեխանիզմներ են վերստուգման համար: Իհարկե, այն քաղաքական ուժերը, որոնք չունեն բավականաչափ մարդիկ նույնիսկ տեղամասերում վստահված անձ լինելու համար, բնականաբար, դժվարանում են այդ ցուցակների հետ որակյալ աշխատանք կատարել, սակայն դա չի կարելի ամբողջությամբ իշխանությունների վրա թողնել»:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ եթե կան փաստեր, որ ընտրացուցակներում կան թերություններ, կրկնության դեպքեր, դրանք պետք է վերացնել, իսկ ենթադրություններով առաջնորդվելը ճիշտ չէ: