Ավագ դպրոցների հիմքն ի սկզբանե ճիշտ չի դրվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երեւանի ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով ԿԳ նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանի հայտարարությանը, թե կրթական համակարգում երկու չկայացած կառույց կա՝ մագիստրատուրան եւ ավագ դպրոցը:
«Չմոռանանք, որ ավագ դպրոցների ռազմավարությունը ներկայացրել է նախարար Լեւոն Մկրտչյանը 2008թ.-ին: Ինքն է այդ ռազմավարության հեղինակը եղել, ցավոք սրտի ռազմավարությունն ինչպես գրվեց, այդպես չիրականացավ: Ռազմավարության մեջ, ըստ իս, բացթողումներ կային, որոնցից օգտվեցին չինովնիկները, որոնց համար կրթության խնդիրն առաջնային չի եղել»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ ռազմավարությամբ մշակված չափորոշիչներից շատերը կյանքի չկոչվեցին: Ավագ դպրոցները, ըստ ավագանու անդամի, չկայացան, քանի որ չպահպանվեց ամենակարեւոր պայմանը. մանկավարժական կոլեկտիվը չլուծարվեց եւ մրցույթով ավագ դպրոցի ուսուցիչները չընտրվեցին. «Չափորոշիչ կար հստակ, որ հնարավորինս կայացած, իրենց ոլորտում դրսեւորված մանկավարժներ պետք է լինեին, մինչդեռ օրինակ, մտավոր հետամնաց երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցը դարձավ ավագ դպրոց՝ նույն մանկավարժական կազմով»:
Անահիտ Բախշյանի կարծիքով՝ ավագ դպրոցի չկայացմանը նպաստում է նաեւ ուսումնական պլանի ծանրաբեռնվածությունը: Բացի դրանից, 2008թ.-ին ներդրված համակարգը չտվեց այն ճկունությունը, որը խոստացել էր նախամասնագիտական կողմնորոշման համար:
«Հոսքային դասարաններ դեռ չի նշանակում նախամասնագիտական կողմնորոշում, ավելին այդ դասարանները ձեւավորվում են երեխաների թվի համաձայն: Ծնողներն էլ գերադասում են իրենց երեխաներին տանել այնտեղ, որտեղից կարող են նույնիսկ երկրորդ կուրս փոխադրվել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսին ԿԳ նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանն իր դժգոհությունն էր հայտնել ավագ դպրոցների համակարգի վերաբերյալ, նշելով, որ այն չի կարողանում ինքնահաստատվել:
«Մենք պետք է թեթեւացնենք ավագ դպրոցների ծանրաբեռնվածությունը, որպեսզի նրանք դառնան աշակերտներին մասնագիտացում ձեռք բերելուն օգնող կենտրոններ։ Հենց նման ծանրաբեռնվածության պատճառով ծնողները չեն ցանկանում, որ երեխաները գնան ավագ դպրոց։ Փորձում են կենտրոնացնել ուշադրությունը մի քանի առարկաների վրա, որոնք պետք են լինելու բուհ ընդունվելիս»,- ասել է նախարարը:





























