Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺԳՀՄԻԳ-ի փորձագետների հիմնական մոտեցումն այն է, որ պետք է երաշխավորել ՀՀ քաղաքացիների գաղտնի քվեարկության իրավունքը: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ ամփոփելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺԳՀՄԻԳ-ի փորձագետների հետ հանդիպման արդյունքները:
Նրա խոսքով, իրականում Հայաստանում կա իրական հնարավորություն ունենալ որակյալ ընտրական օրենսգիրք, որն ընդունելի կլինի բոլորի համար:
Հաշվի առնելով նախկինում եղած ռիսկերը եւ թերությունները, ըստ նրա, անհրաժեշտ է կանխել դրանք եւ ստեղծել ժողովրդավարական պետություն: «Մենք անդրադարձանք նաեւ քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակների հրապարակման հարցին: Մի կողմից կա Սահմանադրական դատարանի որոշումը, մյուս կողմից նկատելի է քաղաքական անվստահության դրսեւորում»,-ասել է Էնֆիաջյանը:
Անդրադառնալով ընտրական օրենսգրքի նախագծում առաջարկվող ընտրատեղամասերում դիտորդների եւ լրագրողների թվի սահմանափակմանը, ԲՀԿ ներկայացուցիչն ընդգծեց, որ միջազգային փորձագետները համաձայնել են, որ պետք է փոխել այդ դրույթը:





























