Աշխարհի ոչ մի երկրում մարդն իրավունք չունի աշխատել 8 ժամից ավել, եւ որեւէ մեկն էլ իրավունք չունի մարդուն աշխատեցնել 8 ժամից ավել, բայց մեր երկրում հասարակական տրանսպորտի վարորդն աշխատում է 16 ժամ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սպառողների իրավունքների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

«Բացի այն, որ սա օրենքի խախտում է, սրա հետեւանքով ուղղակիորեն վտանգվում է նաեւ մարդկանց` սպառողների կյանքն ու իրավունքները. վարորդները գերհոգնած վիճակում տրանսպորտ են վարում»,- ասաց Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով` դժվար է հստակ ասել, թե օրենքի խախտումների այս շղթայում ովքեր են հիմնական մեղավորներն ու տուժողները, մի բան ակնհայտ է` զոհի կարգավիճակում են թե´ սպառողները, թե´ վարորդը:

«Իհարկե, որեւէ մեկը չի ստիպում վարորդին կրկնակի աշխատել, սակայն կան ավելի զորեղ հանգամանքներ. նրան ստիպում է երեխաների կիսասոված վիճակը: Վարորդը հանցագործությունների շղթայի վերջին օղակն է. իսկ ո՞վ չգիտի, թե Երեւանի տրանսպորտն ում ձեռքին է: Վարորդից որքան էլ դժգոհենք` պետք է արմատը տեսնենք»,- ասաց նա:

Արմեն Պողոսյանը նշեց, որ հասարակական տրանսպորտի սպասարկման ոլորտում խնդիրներն այսքանով չեն սահամնափակվում. վարորդների բուժզննում եւ մեքենաների տեխզննում չանցնելու հետեւանքով դարձյալ խախտվում են սպառողների իրավունքները:

«Մեզ սպասարկող տրանսպորտն ամեն օր պետք է ենթարկվի տեխզննման, վարորդը` բուժզննման, ինչը չի արվում. դա դարձյալ վտանգում է մեր կյանքը: Օրենքները մեղմացրել, բայց մինչեւ ո՞ւր»,- նշեց նա: