2014թ. մարտական հերթապահության ժամանակ ծառայակցի կողմից սպանված 19-ամյա Վլադիմիր Հայրապետյանի մայրը չի համակերպվում որդու մահվան փաստի հետ, նա արդեն երկու տարի է փորձում է հասկանալ` ինչն է եղել իր որդու սպանության պատճառը, սակայն այդ հարցի պատասխանն անգամ իրավապահ մարմինները չեն կարողանում նրան տալ: Թամարա Դանիելյանին միայն մնում է իր ցավը թեթեւացնել` հասնելով նրան, որ իր որդուն սպանողն արժանանա ամենախիստ պատժին:
«Իմ տղան մարտական հենակետում իր հայրենիքն է պաշտպանելիս եղել, բայց այդ տականքը նրա ճակատին կրակելով սպանել է: Մինչեւ հիմա չգիտենք պատճառը, որովհետեւ երեխես իրեն ոչ մի վատ բառ չի ասել ու ոչ մի վատ բան չի արել. պատճառե չի էլ ունեցել սպանելու»,-NEWS.am-ի հետ զրույցում ասում է Թամարա Դանիելյանը:
Որդուն կորցրած մորը զայրացնում է նաեւ դատարանում իր որդուն սպանած Սիմոն Մկրտչյանի պահվածքը, ըստ նրա` Սիմոնը առանց որեւիցե զղջման «ցինիկաբար» անընդհատ ժպտում է դատարանում, կարծես ոչինչ էլ չի արել.«Դատարանում իրեն ահավոր ցինիկ ա պահում, չի զղջում իր արածների համար, ոչ ինքը, ոչ էլ իրա հարազատները: Ամեն ինչ անելու եմ, որ դրան ամենախիստ պատիժին արժանացնեն»:
Նշենք, որ 2014թ. մարտական հերթապահության ժամանակ ծառայակցի կողմից սպանված 19-ամյա Վլադիմիր Հայրապետյանի հարազատները պահանջում են խստացնել Վլադիմիրին սպանած Սիմոն Մկրտչյանի պատիժը, որն առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 13 տարվա ազատազրկման:
Այս պահանջով Վլադիմիրի հարազատները բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան` պահանջելով վերացնել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ Սիմոնի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ :
Ըստ մեղադրական եզրակացության` Սիմոն Մկրտչյանը լինելով մարտական հերթապահության մեջ, շարքային պարտականությունները կատարելու ժամանակ, «ինքնահաստատվելու» եւ խուլիգանական դրդումներներից ելնելով եւ գիտակցելով զենքի ձգանը սեղմելու հետեւանքով արձակված կրակոցով շարքային Վլադիմիր Հայրապետյանին սպանելու անխուսափելիությունը, լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը եւ շուրջ 1.5 մետր հեռավորությունից ուղղել Վլադիմիր Հայրապետյանի ճակատին: Նա, դրսեւորելով ցինիզմ, հայտարարել է ,թե արդյոք կասկածում է ,որ ինքը կկրակի,որին Վլադիմիր Հայրապետյանը պատասխանել է, որ նրանից ամեն ինչ սպասելի է: Սիմոնը Վլադիմիրի ճակատային շրջանում հրազենային միջանցիկ մարմնական վնասվածք է հասցրել եւ նրան զրկել կյանքից:



























