Հայաստանի հյուսիսային Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումը կսկսվի առաջին իսկ հնարավորության դեպքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Գլոբալ Մետալս» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը:
Նշենք, որ փետրվարի սկզբից պղնձի համաշխարհային գներն աճել են՝ 4.5 հազարից հասնելով գրեթե 5 հազար դոլարի՝ մեկ տոննայի դիմաց: Ամեն դեպքում, 2015 թվականի մարտից մայիս գները հասան շուրջ 6.5 հազար դոլարի, իսկ հետո սկսեցին ընկնել:
«Հիմա դժվար է ասել, թե ինչ գնի պայմաններում մեր արտադրանքը կարող է ամբողջությամբ եկամտաբեր լինել, բայց կարող եմ մեկ բան ասել. մեր ընկերությունն անում է հնարավոր ամեն ինչ՝ աշխատակիցներին չկորցնելու համար: Արդեն 9-10 ամիս մենք նրանց չենք կրճատում, պահում ենք հարկադիր արձակուրդում՝ վճարելով աշխատավարձի 2/3-ը: Բնապահպանական հարցերում նույնպես, կարծում եմ, համոզեցինք հանրությանը: Մի քանի անգամ ակտիվիստները դժգոհություն հայտնեցին մեր նախագծի առիթով, բայց մենք կարողացանք հիմնավորել, որ Ձորագետ գետը մենք չենք աղտոտում, այն սկիզբ է առնում ավելի բարձր հատվածից»,- հայտարարեց Ղազարյանը:
Հիշեցնենք, որ «Գլոբալ Մետալս»-ն ընդգրկված է «Նեւա-Ռուս» հոլդինգի կազմում, որը Հայաստանում երկու հանքավայր է կառավարում՝ Արմանիսի ոսկի-բազմամետաղային եւ Դաստակերտի մոլիբդենային հանքերը:
Արմանիսի հանքավայրի պաշարները C1 եւ C2 կատեգորիայում կազմում են շուրջ 18 հազար տոննա, այդ թվում՝ 0.9 գր/տ ոսկու, 10 գր/տ արծաթի, 0.9% պղնձի, 2.2% ցինկի եւ 1.0% կապարի պարունակությամբ:




























